Ոստիկանները Նոր նորքի թաղապետարանից բերման ենթարկեցին ծեծի ենթարկված Արթուր Չախոյանին
Իրավական
Ակտիվիստ Արթուր Չախոյանին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ժամանել են թաղապետերանի շենք:
«Տեսանյութին ծանոթ ենք, այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները տեղում ծառայություն են իրականացնում։ Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- հայտնլ են ոստիկանությունից:
Նշենք, որ ծեծկռտուքից հետո Արթուր Չախոյանը թաղապետարանի այն աշխատասենյակում էր, որտեղ քաղաքացիների մասնակցությամբ ընթանում էր հանրային լսում։ Քիչ անց ժամանեցին ոստիկանները, Չախոյանին իջեցրին, նստեցրին Ոստիկանության մեքենան ու տարան, իրենց խոսքով, Նոր Նորքի բաժին՝ առանց պատասխանելու լրագրողների հարցերին։
Նշենք, որ ոստիկանները թաղապետարանի շենքից բերման ենթարկեցին Արթուր Չախոյանին: Ոստիկանական պաշտոնյան չհայտնեց, թե ինչու են միայն Չախոյանին բերման ենթարկում, իսկ մյուս պաշտոնյաններին՝ մասնավորապես, ծեծի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ ոչ։
«Մինչև վերջ գնալու եմ»,- ոստիկանական մեքենայից հայտարարեց ակտիվիստը։
Նշենք, որ Արթուր Չախոյանի աչքին կապտուկ կար:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարեցին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել էր իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը նշել էր, որ լավ է արել, որ հայոհոյել է: