Աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր
Սպորտ
Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ նվաճեց Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում:
Օղակների վարժության եզրափակիչում Ավետիսյանը հավաքեց 14.466 միավոր եւ իր առաջին ոսկե մեդալը նվաճեց 2025 թ. աշխարհի գավաթի փուլերում: Որակավորման փուլում Ավետիսյանը վաստակել էր նույն միավորները եւ առաջին տեղի դուրս եկել եզրափակիչ: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկաացուցիչ, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը 13.133 միավորով 7-րդն է:
Նախորդ փուլերում Արթուր Ավետիսյանը նվաճել էր երկու բրոնզե մեդալներ՝ Օսիեկում եւ Դոհայում:
Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության փուլում նժույգ թափեր վարժությունումում ոսկե մեդալակիր է դարձել 17-ամյա Համլետ Մանուկյանը:
Եզրափակիչում երիտասարդ մարմնամարզիկը վաստակեց 14.800 միավոր՝ հետ թողնելով Իտալիայի, ԱՄՆ-ի Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին:
Երիտասարդ մարմնամարզիկը ոսկե մեդալներ էր նվաճել նաեւ Խորվաթիայի եւ Քաթարի աշխարհի գավաթի փուլերում:
Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մնաց Արթուր Դավթյանը: Օլիմպիական փոխչեմպիոնի մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին: