Թույլ չտանք, որպեսզի խեղաթյուրվի մեր պատմությունը. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական
Հայրենական մեծ պատերազմում տարած փառապանծ հաղթանակի 80-րդ տարեդարձին ընդառաջ՝ «Աշխարհն առանց նացիզմի» խորագրով կլոր սեղան-քննարկում կայացավ Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնությամբ։ Մտքերի փոխանակման հարթակը միավորեց քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, ոլորտի գիտնականների եւ փորձագետների, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկային եւ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովին։
Քննարկումը բացվեց խորհրդանշական ուղերձով՝ հիշեցնել պատմական ճշմարտությունը, արժեւորել հաղթանակի գաղափարական ժառանգությունը եւ հստակ դիրքորոշում արտահայտել՝ նացիզմի եւ դրա տարբեր դրսեւորումների դեմ համամարդկային պայքարի հարցում։
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ իր խոսքում ընդգծեց, որ ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակը համամարդակային դիմակայության արդյունք էր եւ արժեքային ընտրություն:
«Հայ ժողովուրդն այդ պայքարի առաջնագծում էր՝ իր որդիների եւ դուստրերի պետական եւ ազգային համոզմունքով: Հայրենական մեծ պատերազմի ընթացքում ավելի քան 600 հազար հայեր մասնակցել են պատերազմին, մենք տվել ենք 60 հայազգի գեներալ եւ մարշալ, իսկ 117 հայորդի արժանացել են Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչման: Սա ոչ միայն ազգի մասնակցությունն էր զինվորական առումով, այլ քաղաքակրթական դիրքորոշում՝ հանուն ճշմարտության, արդարության եւ ազատության: Այսօր, երբ աշխարհի ռազմաքաղաքական առանցքներն էական վերափոխումների փուլում են, առավել ակնհայտ է դառնում, որ մեր պապերն ու նախապապերը կռվել են հանուն այն բազմաբեւեռ աշխարհի, որը վերջապես սկսել է ձեւավորվել իրականության մեջ: Այն աշխարհի, որտեղ գերակշռում է ոչ թե ուժի իրավունքն, այլ ժողովուրդների արժանապատվությունը եւ ինքնությունը պահպանելու իրավունքը, մշակույթների բազմազանությունն ու փոխհարգանքի վրա հիմնված փոխհարաբերությունները», - շեշտեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:
Հենրիխ Դանիելյանի գնահատմամբ՝ Հայաստանի երիտասարդությունն իրեն համարում է ոչ միայն հաղթանակի սերունդ, այլ նաեւ նրա գաղափարների կրողն՝ այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում:
«Մեր պատասխանատվությունն է պահպանել այդ հաղթանակի պատմական խորհուրդը եւ զարգացնել այն իբր ռազմավարական մտածողություն՝ ուղղված մեր պետականության ամրապնդմանը, ազգային ինքնության պահպանմանը եւ մեր երկրի արժանապատիվ ներկայությանը նոր ձեւավորվող աշխարհակարգում: Հավերժ փառք մեր հերոսներին, հարգանք՝ նրանց կատարած առաքելությանը եւ հաստատակամություն՝ հաղթանակի արժենքներին այսօրվա քաղաքական իրականության մեջ վերաիմաստավորելու գործում», - եզրափակեց ելույթը նա եւ, որպես հետգրություն, ընդգծեց, որ շատ կարեւորում է նման քննարկումների կազմակերպումը եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հայ հասարակության քաղաքական տարբեր ներկայացուցիչների ներգրավածությունն այս հարցում:
«Ի հեճուկս այս ուրացման գործընթացի, որն այսօրվա իշխանություններն իրականացնում են բոլոր ուղղություններով՝ մենք պետք է բարձրաձայնենք եւ միասնական լինենք ու թույլ չտանք, որպեսզի խեղաթյուրվի մեր պատմությունը: Ես այստեղ նաեւ երիտասարդության անունից եմ խոսում եւ ասում եմ՝ այո՛, երիտասարդությունը համարում է իրեն հաղթանակների ժառանգ: Եռատոն հասկացությունը վերականգնվելու է: Այս կոնտեքստում ուզում եմ հիշեցնել, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում օրեր առաջ եւս հաղթանակի 80-ամյակին նվիրված գիտաժողով է տեղի ունեցել եւ ցուցահանդես, որը բաց է լինելու մինչեւ մայիսի 9-ը: ՀՀԿ «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշզիմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է», - նշեց Դանիելյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ