«ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԹԵԺ ԷՐ, ՀՈՒՅԶԵՐՈՎ ԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՎԵՑ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՓԱՐԻԶԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սպորտ
Ապրիլի 14-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը փայլուն է հանդես եկել երկամարտում նվաճելով 10 մեդալ, որից 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնզե։ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիրներ դարձան Վարազդատ Լալայանը /450 կգ, 210+240/ և Գարիկ Կարապետյանը /411 կգ, 185 +226/։Թիմային հաշվարկով թե տղամարդկանց, թե աղջիկների հավաքականները գրավել են առաջին պատվավոր տեղը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում հանդիպել ու զրուցել է Եվրոպայի արդեն կրկնակի չեմպիոն, Փարիզի ՕԽ մասնակից, Գյումրեցի ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Գարիկ։ Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքիցս հետո շատ դժվարություններ եմ ունեցել։ Պարապելու համար շատ քիչ ժամանակ ունեի։ Երկու հավաքի եմ մասնակցել, երկու ամիս ժամանակ եմ ունեցել պարապելու համար։ Բայց կարողացա հասնել գերազանց մարզավիճակի ու ոսկե մեդալով վերադարձա Հայաստան։ Անկեղծ ասած, չեմպիոն հռչակվելիս հույզերս շատ բուռն էին, որովհետև նախորդ 2-3 մրցաշարերից ևս պետք է մեդալով վերադառնայի, սակայն ինչ - որ բան խանգարում էր։ Այս անգամ ստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում։ Մրցակցությունը շատ թեժ էր, ամեն ինչ լավ էր։ Հույզերով լի առաջնություն ստացվեց։
Իսկ ահա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, կրկին Գյումրեցի ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ այսպես է ամփոփել մրցաշարը.
- «Ֆեդերացիայի նախագահը, ես որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, գոհ ենք Եվրոպայի առաջնության արդյունքներից։ Մենք հասանք մեր նպատակին, երկու հավաքականներն էլ առաջինն են թիմային հաշվարկում։ 9 տարի կանանց հավաքականը նման բարձր արդյունք չէր գրանցել, մեդալների այսպիսի ավարով չէր վերադարձել խոշոր մրցաշարից։ Մեր առջև նպատակ էինք դրել, որ Եվրոպայի առաջնությունում երկու հավաքականներն էլ պետք է հաղթեն թիմային պայքարում, ունենայինք չեմպիոններ։ Այս առաջնությունում ունեցանք բացահայտումներ։ Օրինակ, Աննա Ամրոյանը, նա երկու ամիս առաջ ծնկի լուրջ վիրահատություն էր տարել ու վնասվածքից հետո նոր էր վերականգնվել։ Կարճ ժամանակում շատ լուրջ արդյունք գրանցեց ու մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճեց։ Ունեցանք լավագույն վերադարձ սպորտ Սիմոն Մարտիրոսյանը։ Նրա արդյունքը ֆանտաստիկ է. 20 կգ անձնական քաշ է կորցրել, իջել հին քաշային կարգ ու նման կիլոգրամներ է բարձրացնում» ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

