Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանում
Մշակութային
Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ՝ հյուրախաղով հանդես կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում մայիսի 22-ից 25-ը։
Մայիսի 24-ին ժամը` 18:00-ին, Անապայի «Օկեան» կինո-համերգային դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը (բեմադրությունը՝ Հերիքնազ Բաղդասարյանի, դերերում՝ Հերիքնազ Բաղդասարյան, Գագիկ Դուրմիշյան, Սարգիս Ավետիսյան, Վահե Եղշատյան, Երանուհի Առաքելյան, Արգիշտի Մարտիրոսյան, Անահիտ Առաքելյան)։
Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին «Ցանկապատ» ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ` «Թանգարանային գիշերներ» միջոցառումների շրջանակներում։ Պատմություն է, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց այսօր էլ մերօրյա և արդիական է։ Պատմվածքը, կարծես թե, կենցաղային մանր վեճ է, իրականում դարերով եկած մեր ազգային ողբերգություններից դաս քաղելու ու միավորվելու, խրատ ու բանալի է։



