Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. Բարենց
Ներքաղաքական
Հայաստանյան արտաքին մարտահրավերների եւ ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունքը» զրուցել է Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ, բ.գ.թ. ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ հետ:
«ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է, ՈՒՍՏԻ՝ ՀԱՅ ԱԶԳԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է…»
— Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է այսօր իրատեսական, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր, ու այն կարող է դառնալ մեր երկրի անվտանգության երաշխիք:
— Հայաստանի ճակատագիրը որոշվում է` ո՛չ պայմանագրեր ու համաձայնագրեր ստորագրելով, ո՛չ էլ Երեւանում ու Բաքվում, այլ համաշխարհային կառավարության մակարդակով: Հայաստանն ամբողջովին գտնվում է կոնսպիրոլոգիական ազդեցության ներքո: Ոչ ոք մեզ թույլ չի տալու ստեղծել մեր սեփական կոնսպիրոլոգիական համակարգը: Ընդ որում՝ կոնսպիրոլոգիան եւ կոնսպիրացիան տարբեր բաներ են: Կոնսպիրացիան հետախուզությունն ու հակահետախոզությունն է: Իսկ կոնսպիրոլոգիան գաղտնի կազմակերպությունների համակարգն է։ Օրինակ՝ մասոնները, աղանդները, որոնք որոշում են Հայաստանի ճակատագիրը ներսում։ Հայաստանի Առաջին հանրապետությունը դատապարտված էր պարտության, որովհետեւ ամբողջ կառավարությունը մասոններ էին։ Եվ Հայկական հանրապետությունը պատերազմում էր Թուրքիայի դեմ, որի ղեկավարներն էլ էին մասոններ։ Մասոններն այնտեղ էին, մասոններն այստեղ էին, եւ այս ամենը ղեկավարվում էր մեկ կենտրոնից՝ Լոնդոնից։
— Պարոն Բարենց, հետեւապես, հիմա ի՞նչ անել, ո՞ւմ հավատալ եւ ո՞ւմ հետեւից գնալ:
— Աշխարհում գոյություն ունի ընդամենը չորս անկախ կոնսպիրոլոգիական համակարգ՝ Իսրայելում՝ Մոսսադը, ԱՄՆ-ում՝ ԿՀՎ-ն, Անգլիայում՝ ՄԻ-6, դրանք աշխատում են մեկ բլոկով։ Իսկ երկրորդ բլոկում Չինաստանն է։ Նույնիսկ Հնդկաստանն ու Ռուսաստանը կոնսպիրոլոգիական առումով լիովին անկախ պետություններ չեն։ Մեր խնդիրն է Չինաստանի հովանու ներքո, որը միակ անկախ կոնսպիրոլոգիական համակարգն է աշխարհում՝ նշածս առաջին երեքից զատ, միանալ նրան ու ստեղծել հայկական կոնսպիրոլոգիական պաշտպանական համակարգ։ Առանց դրա՝ ցանկացած հավաք, համախմբում կազմակերպելն անիմաստ է, որովհետեւ կհավաքվեն մարդիկ, իսկ հետո կպարզվի, որ առնվազն կեսը գործակալներ են: Ես մի անգամ փորձեցի ստեղծել կուսակցություն, ու ինքս փախա նրանից, որովհետեւ ամբողջ գործակալական ցանցը լցվել էր այդտեղ: Եվ պետք չէ հայերին մեղադրել, թե հայ ազգը վաճառվող է: Տեսեք՝ ինչ է կատարվում Եվրոպայում։ Անալենա Բերբոքը (Գերմանիայի արտաքին գործերի նախարարը), Էմանուել Մակրոնը (Ֆրանսիայի նախագահ) դրանք էժանագին գործակալներ են: Այնպես որ, հայ ժողովրդին մեղադրել, թե անբարոյական ու վաճառված է, չի՛ կարելի։ Ժողովուրդը մի ամբողջություն չէ՛։ Ժողովուրդն ունի «սեւ» մաս. ռուսերեն ասում են՝ «բիդլո», հայերեն՝ «կռո»:
Ի՞նչ արեցին Հայաստանի հետ կոնսպիրոլոգիապես։ Ամբողջ դեգեներացիան աճեցրեցին ու բերեցին իշխանության։ Իսկ ի՞նչ պետք է աներ դեգեներացիան՝ իշխանության մնալու համար։ Նա պետք է անընդհատ կեղծ ապստամբությունների համակարգ ստեղծեր։ 34 տարի է արդեն Հայաստանում շարունակվում են կեղծ ապստամբություններ։ Ամեն տարի մեկ-երկու անգամ դուրս է գալիս որեւէ գործակալ, հայրենասիրական կոչեր է հնչեցնում, ժողովուրդը գնում է նրա հետեւից, հետո իրավիճակը տանում է փակուղի ու հեռանում։ Հաջորդը՝ էլի վարվում է նույն կերպ։ Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից։ Իսկ իսկական առաջնորդներին վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի։ Ամեն ինչ վերահսկվում է։ Ուստի՝ հայ ազգի փրկությունը՝ միանալն է մի այնպիսի կոնսպիրոլոգիական համակարգի, որն անկախ է ու ցանկանում է մեզ հետ հարաբերություններ, եւ դա Չինաստանն է:
«ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ Է, ՈՐՏԵՂԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԸ, ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՌՈՒՍՆԵՐԸ»
— Իսկ ի՞նչ կասեք Թրամփ-Պուտին բանակցությունների մասին, արդյոք նրանց կհաջողվի Ուկրաինայի հարցում խաղաղ լուծում գտնել, եւ այս ամենն ի՞նչ հետեւանք կարող է ունենալ Հայաստանի վրա:
— Այսօր ՌԴ նախագահ Պուտինը մի ոտքով Ռուսաստանի հայրենասերների հետ է եւ ազնվորեն աշխատում է նրանց հետ, բայց մյուս ոտքով՝ կապված է համաշխարհային սիոնիզմի հետ է եւ էլի ստիպված է ազնվորեն աշխատել նրանց հետ։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաեւ Արցախի խնդիրը: Այն, որ ասում են, թե Արցախը հանձնելու համար Փաշինյանին վճարել են 5 միլիարդ, Լուկաշենկոյին՝ 1.5, Մոսկվային՝ 32 միլիարդ, էական չէ, կարեւորը՝ փողը չէ, այլ քաղաքականությունն է, որը վարվում է Փոքր Կովկասում: Իսկ այդ քաղաքականության նպատակը հայկական տարրի ոչնչացումն է։
Վերջին հազար տարիներին հայկական տարրը հանդիսանում է ռուսական քաղաքակրթության հոգեւոր ամբողջության մի մասը։ Ըստ 19-րդ դարի անգլիական հետախուզության տվյալների, ռուսները Կովկասում այնքան ժամանակ կլինեն, քանի դեռ այնտեղ հայեր կան։ Եթե վերացնես հայերին, ռուսներն էլ կվերանան։ Հայերին լիկվիդացրեցին Վրաստանում, այն հեռացավ Ռուսաստանից։ Հայերին լիկվիդացրին Ադրբեջանում՝ այն հեռացավ դեպի Թուրքիա։ Աբխազիայում, ռուսների աչքի առաջ վերացնում են հայերին, ռուսները դեռ զարմանում են, թե՝ ինչո՞ւ։ Բայց միեւնույնն է՝ վերացնում են։ Եվ երբ հայեր չմնացին, Մոսկվան ճնշում գործադրեց, բայց արդեն ուշ էր։ Չգրված օրենք է, որտեղից հեռանում են հայերն ու հույները, հեռանում են նաեւ ռուսները։ Կովկասում ռուսներ չկան, որովհետեւ հայեր չկան։
Ռուսաստանի հետ պետք է աշխատել՝ տնտեսությունը զարգացնելու համար, բայց միայն սա ազգը չի փրկելու: Էլի եմ ասում՝ մեզ կարող է փրկել միայն գաղտնի, անկախ հայկական պաշտպանական համակարգը։ Բայց այն ստեղծել թույլ չեն տա։ Ուստի՝ պետք է գնալ Չինաստանի մոտ ու ասել՝ ձեզ վրա ոչ ոք ազդեցություն չունի (Չինաստանը նոր է ազատվել ազդեցությունից՝ Սի Ցզինպինի օրոք, նրանք երկու տարի առաջ ձերբակալեցին պաշտպանության նախարարին), մենք ուզում ենք լինել ձեզ հետ:
— Կարծում եք՝ Չինաստանն այդքան հետաքրքրվա՞ծ է Հայաստանով, որ կկարեւորի իր գաղտնի համակարգերին միանալու պատրաստակամությունը:
— Չինաստանն իր գաղտնի համակարգով ցանկանում է այստեղ ներկայություն ունենալ, որովհետեւ Կովկասը կարեւոր հանգույց է՝ մուտք դեպի Կենտրոնական Ասիա։ Իսկ Կենտրոնական Ասիան մուտք է դեպի Սինցզյան՝ Չինաստանի թիկունքը։ Սա խաչմերուկ է՝ Սեւ ծով, Կասպից ծով՝ հորիզոնական եւ ուղղահայաց ուղղություններով։ Եվ հիմա փորձում են Հայաստանին կամաց-կամաց դուրս բերել այդ խիստ կարեւոր խաչմերուկից:
«ԱՍԵՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՈՐՍ ԵՐԿՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼ Է ԵՎ Ի՞ՆՉ»
— Այս ծանր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ ի՞նչ հնարավորություն եք տեսնում Բաքվի կողմից գերեվարված ու պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում:
— Բաքվում գտնվող գերիների հարցը, մասնավոր խնդիր է, որը Հայաստանի ապագայի հետ կապ չունի, բայց կապ ունի այդ մարդկանց ճակատագրերի հետ։ Նրանցով, իհարկե, պետք է զբաղվել։ Բայց մենք չունենք պետականություն։ Փաշինյանն էլ, ասում են` չորս երկրի հետախուզությունների գործակալ է՝ անգլիական, իսրայելական, թուրքական եւ ռուսական։ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի չէ։ Վե՛րջ։ Ո՞վ կպաշտպանի նրանց, ոչ ոք։ Փաշինյանին, երբ ասում եք ավարտված գործակալ է, նա չի ամաչում դրանից, ուզում եք բոլոր խաչմերուկներում խոսեք այդ մասին: Ասեք, որ Ալեն Սիմոնյանն էլ է գործակալ, Ռուբեն Ռուբինյանն էլ: Ոչինչ դրանից չի փոխվում, միեւնույնն է, նրանք շարունակում են պաշտոնավարել:
— Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանին տիրում են աշխարհի լրջագույն հետախուզական ծառայությունները, հետեւաբար ոչ մի դրական ակնկալիք պետք չէ՞ ունենալ առաջիկա իրադարձություններից:
— Առաջիկա 20 տարում ոչինչ չի փոխվելու։ Այդ գործակալական համակարգերը շարունակելու են իշխել։ Հիմա առավել կարեւոր է հետեւյալ հարցը՝ իսկ մենք կգոյատեւե՞նք, որպես ազգ, այս 20 տարվա ընթացքում: Դրա համար էլ ասում եմ, որ ամբողջ հույսը միայն այն է, որ Չինաստանի կոնսպիրոլոգիական համակարգի միջոցով, ստեղծենք հայկականը։ Հավատարիմ ծառայենք Չինաստանին, Իրանին եւս։ Իրանն այսօր հերոսական պայքար է մղում։ Դա ֆանտաստիկ պայքար է, որտեղ նա կարողացավ հաղթել։ Պետք է հարաբերություններ հաստատել Չինաստանի եւ Իրանի հետ։
«ԱՂՈԹԵՆՔ ՈՒ ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՆԵՆՔ ԱՍՏԾՈ ՎՐԱ, ՄԵԶ ՊԵՏՔ Է 20 ՏԱՐԻ ԴԻՄԱՆԱԼ»
— Աշխարհի լուռ համաձայնությամբ Սիրիայի պես խոշոր երկիրն է կործանվում: Իսկ ո՞ւր էր Իրանը:
— Իրանը չուներ այնքան ուժ, որպեսզի պաշտպաներ Սիրիան։ Նա դուրս եկավ այնտեղից եւ վերջ։ Սիրիան ընկավ իր սիրելի ընկերոջ՝ Էրդողանի ձեռամբ: Իրանը հազիվ կարողանում է ինքն իրեն պաշտպանել, այնտեղ այնպիսի հզոր հինգերորդ շարասյուն կա: Խփեցին Իրանի նախագահի ինքնաթիռին, վերացրին նրան ու մինչեւ հիմա չեն կարողանում ապացուցել, որ դա արել են ադրբեջանական եւ իսրայելական հետախուզությունները։ Չկան փաստեր։ Թեեւ պարզ է, որ ուղղաթիռը խոցված է եղել:
— Մեր շարքերում ու մեր շուրջն ունենալով այսքան գործակալներ՝ կարողանալո՞ւ ենք խուսափել հերթական անոնսավորվող պատերազմից:
— Հայաստանի հարցն այնքան փոքր է, այնքան մասնավոր, որ մեծ տերությունները Զանգեզուրյան միջանցքով չեն զբաղվելու։ Իսկ եթե որեւէ մեկը վաճառի այն փողի դիմաց, ուղղակի կվաճառեն ու վերջ։ Մենք պետք է աղոթենք ու հույսներս դնենք Աստծո վրա: Մեզ պետք է 20 տարի դիմանալ: 20 տարի հետո այստեղ կգան Չինաստանը, Հնդկաստանը։ Չինաստանի հետ արդեն այսօր անհնար է քայլ գցել, իսկ 20 տարի հետո նա կլինի աշխարհի թիվ մեկ ռազմական տերությունը՝ հզոր հետախուզությամբ եւ իր սեփական կոնսպիրոլոգիական համակարգով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ