Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Հասարակություն
Ապրիլի 27-ին՝ Կրկնազատկի օրը, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը, որի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:00-ին): Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը՝ 16:30-ը: Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմի տեղեկատվական բաժնից:
Հիշեցնենք, որ Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։ Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաեւ «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։
Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։ Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում՝ գոյացնելով լճակ: Սուրբ գիրքը դուրս է բերվում է միայն յոթ տարի անց՝ աստվածային զորությամբ մնալով գրեթե անվնաս։
Երեք ու կես դար անց՝ 1973թ.-ին, մեծ ոդիսական ունեցող Շուրիշկանի Ավետարանը հայրենադարձ Ներսես եւ Մատթեոս Ծառուկյանները նվիրաբերում են Մատենադարանին։ Այդպիսով, միջնադարյան մշակույթի գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում է սերնդեսերունդ։
Անգամ Մատենադարանի վերանորոգման տարիներին (2002-2003), երբ թանգարանային մասի դռները փակ էին ուսումնասիրողների ու զբոսաշրջիկների համար, հնարավոր բոլոր դեպքերում բաց էին բացառապես ՝ Շուրիշկանի Ավետարանի ուխտավորների համար։ Ավանդույթի համաձայն՝ Ավետարանը կրկնազատկին հանդիսավորությամբ տարվում է Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի:

