Երևանում «Խաչուլիկը» և «Պոդոսը» ապօրինի մտել են քաղաքացու բնակարան, ծեծել նրան ու թալանել
Հասարակություն
Ապրիլի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ոմն «Խաչուլիկը» և ոմն «Պոդոսը» ծեծի են ենթարկել 57-ամյա Տիգրան Վ․-ին և նրան պատճառել մարմնական վնասվածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 12-ին ժամը 21։00-ի սահմաններում ոմն «Խաչուլիկը» և ոմն «Պոդոսը» ապօրինի մուտք են գործել Տիգրան Վ․-ին պատկանող Նոր Խարբերդ 25 փողոցի տներից մեկը, որտեղ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս և սպառնալիք հնչեցնելով՝ հափշտակել 150 հազար դրամ գումար, բջջային հեռախոս, մեթադոնային լուծույթ և դիմել փախուստի:
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փասաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր.-ի 252 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Խաչատուր Խ․-ին, Էդգար Կ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: