«Ժողովուրդ». Անհետացած 270 կգ կոկաինը և դարակներում փոշոտված քրգործը
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը, 30 ամիսը լրանալուց հետո, պետք է որոշում կայացնի. կա՛մ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ գործը ուղարկվի դատարան։
Իսկ ինչպես ասել էր Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հայտնաբերված զգալի քանակով կոկաինը «տեղում է», պահվում է ԱԱԾ-ում։
Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, սակայն քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել էր, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: