Երևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերում
Քրեական
ՆԳՆ-ից հայտնում են․
«Թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն իրացրին ապրիլի 21-ին: Երեկոյան ժամը 21։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալեցին փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 5 փաթեթ` ընդհանուր 6,5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով: Ըստ օտարերկրացու` հայտնաբերվածը թմրամիջոց է, որն ինքը վերցրել է մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրելու համար:
Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության շրջանակներում ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերում մատնացույց է արել արդեն իսկ տեղադրած նույնատիպ 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 17,4 գրամ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»: