Շուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի Փոստանջյան
Ներքաղաքական
Երեւանի ավագանու իշխող կոալիցիոն գործընկերներ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունները փախան ավագանու նիստից, երբ պետք է քննարկվեր ուղեվարձի թանկացումը կասեցնող ընդդիմության նախագիծը: Նախագծով առաջարկվում էր տրանսպորտի թանկացման մասին որոշումը կասեցնել մինչեւ 2026 թվականի մարտի 1-ը՝ հնարավորություն ստեղծելով 2025 թվականի ուղեվարձի վճարումների տվյալների հիման վրա պարզել տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը: Բնականաբար, նախագիծը բարուրում խեղդեց իշխանությունը: Իսկ հետո սկսվեց իսկական կինո՝ Երեւանի ընդդիմադիր ավագանիներն իրենք իրենցով սկսեցին նիստ վարել` անգամ զբաղեցնելով Երեւանի 9 տոկոսանոց քաղաքապետ Տիգրան Ավինյանի աթոռը:
Ի դեպ, Երեւանի ավագանու նիստում թեժ էր հենց սկզբից, իսկ գլխավոր դերում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ էր:
«Էս մարդիկ իրենց գաստրոլներով հանձնեցին Արցախը, անպատժելի են մնացել մինչեւ հիմա։ Այդ որ գոռում էր, բղավում էր այս գաստրալորներից մեկը` իրեն որպես «վոժդ» հռչակած, այն որ ասում էր՝ վնգստում են, չգիտեմ ինչ են անում, հիմա իրենք էլ այստեղ են վնգստում։ Էս գաստրալորները եկել են, մտել են երեւանցիների գրպանը տարբեր միջոցներով՝ գույքահարկի բարձրացում, հանրային տրանսպորտի բարձրացում, աղբահանության բարձրացում: Այսինքն՝ սրանք ուղղակի կոռուպցիա, թալան իրականացնում են բացահայտ կերպով, բայց պատիժը նրանց չի հասնում, մինչդեռ հասնելու է: Ուրեմն, դուք այդ ձեր թայֆեքի մեջ ունեք երկու տիկին. մեկը ղեկավարում է Արդարադատության նախարարությունը՝ Սրբուհի է անունը, հաջորդն էլ Քրեակատարողական ծառայությունն է ղեկավարում, անունը Ծովինար է։ Ուրեմն, երկու տիկիննե՛ր, պատրաստեք այդ բանտերը, խցերը, որովհետեւ շուտով այստեղի այս մասսան, որը թալանն է կազմակերպում, տեղափոխվելու են այդտեղ։ Զգուշացնում եմ Ծովինար եւ Սրբուհի, կազմակերպեք այդ բանտախցերը, շուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան», - շեշտեց Փոստանջյանը։
Չուշացավ նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի արձագանքը. «Ամեն դեպքում ես ուզում եմ խոստովանել, որ, տիկին Փոստանջյան, առանց ձեզ շատ տխուր էր, լավ է, որ գալիս եք, մասնակցում եք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ