Մանկական հեքիաթը համայնքապետի շնորհիվ Արթիկ համայնքում շարունակվում է .Ֆոտո

Արթիկ համայնքն ունեցավ նորակառույց, բոլոր հարմարություններով և նոր գույքով համալրված ևս 1 մանկապարտեզ։
Այսօր մեծ հանդիսությամբ բացվել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը։
Բացման արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, Շիրակի մարզպետի և Արթիկի համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատուները, երեխաների ծնողները, գյուղի բնակիչները, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Տոնական օրվա առթիվ ներկաներին օրհնանքի և բարեմաղթանքների խոսքեր է հղել Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, շնորհավորանքի խոսքով են հանդես եկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։ Նորակառույց մանկապարտեզի բացման կապակցությամբ, շնորհավորելով ներկաներին, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշել է, որ Հոռոմ գյուղի նորակառույց և նոր գույքով հագեցած մանկապարտեզն այս ամսվա մեջ հինգերորդն է, որ բացվում է Արթիկ համայնքում։ Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման առումով կատարված աշխատանքներն Արթիկ համայնքում տեսանելի են բոլորին, քանզի հիմնանորոգումից և նոր գույքով համալրվելուց հետո բացվել են Արթիկ քաղաքի թիվ 1, թիվ 3, թիվ 4 և Լեռնակերտ գյուղի մանկապարտեզները,
այսօր բացվեց Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզը, իսկ Նոր Կյանք գյուղի նորակառույց մանկապարտեզն էլ բացվելու է մոտ օրերս։
Համայնքի ղեկավարը նաև հավելել է, որ ընթացքի մեջ են Արթիկ քաղաքի և Արևշատ գյուղի` 144 երեխայի համար նախատեսված <<մոդուլային>> տիպի մանկապարտեզների շենքերի շինարարական աշխատանքները։
Ավարտելով իր խոսքը` համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը, ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին` տրամադրած միջոցներով մանկապարտեզը կառուցելու և փոքրիկներին ժպիտ ու ուրախություն պարգևելու համար։
Տոնական օրը գունագեղ և անմոռանալի են դարձրել Արթիկի համայնքնքապատկան ՀՈԱԿ-ների սաներն իրենց կատարումներով։
Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի շինարարական աշխատանքներն իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, նախատեսված է 75 երեխայի համար, շենքը երկհարկանի է, ունի բոլոր հարմարությունները և անհրաժեշտ գույքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 190 միլիոն դրամ է կազմել։
Հոռոմ գյուղի մանկապարտեզը գույքով ապահովելու համար Կառավարությունը հատկացրել շուրջ 18 միլիոն դրամ։


