Այդ նախագիծը որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին․ Ալեքսանյանն ընդդիմությանը մեղադրեց Ցեղասպանության ուրացման մեջ
Ներքաղաքական
Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչ է, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իր վիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության վերաբերյալ նախագծի մասին բարձրաձայնեցին։
«Իրենք իրենց խմբակցության ներսում երկու հոգի վիճում են, Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն է անում, ասում է՝ ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք և այլն: Իշխան Սաղաթելյանը, որ վերջին 5 ամսվա մեջ երևի առաջին անգամ Ազգային ժողով էր եկել, տեղից իրավիճակը լարում է, ու հետո այսպես ընդդիմադիր մամուլով սինխրոնացված վերնագրեր են գնում՝ կեղծ վերնագրերով, թե իբր ցեղասպանության ուրացման նախագիծ են իրենք բերում, դրա համար է: Սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվությունը գնաց ու միջադեպից հետո վայրկյանական ռուսական մամուլը դա վերցրեց: Ես այդպես արագությամբ, որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, չեմ հիշում։
Այդ նախագիծը, որ բերեն, իրենք են դատվելու առաջին հերթին՝ Դաշնակցությունը ու Հանրապետականը, որովհետև իրենց իշխանության ժամանակը է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀՀ նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, որովհետեւ դա կխանգարի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը: Եթե ուրացում եք ուզում, պոզով-պոչով կենդանի չի, այդ ուրացումը իրենց շարքերում է, իրենց մտքերում է, իրենց սրտերում է: Ցեղասպանության այդպես ուրացողների թոփ հինգյակը ու տասնյակը Հանրապետականի ու Դաշնակցության թոփ հինգյակն ու տասնյակն է:
Մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպիսի բան չի խնդրել ու եթե հիշու՞մ եք, մեր իշխանության ժամանակ է, որ ԱՄՆ-ն ճանաչել է ցեղասպանություն»,-ասաց նա: