Քասախի բնակիչները կրկին կփակեն Երեւան մտնող մայրուղին. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակելու են Երեւան մտնող մայրուղին։
Նշենք, որ սա առաջին անգամը չէ, որ բնակիչները փակելու են ճանապարհը։ Նախորդ անգամ՝ ապրիլի 10-ին, համայնքի բնակիչները փակել էին Երեւան-Աշտարակ մայրուղին եւ պահանջում էին, որ չհանվի ավտոբուսային N 59 երթուղին։
Հիշեցնենք, որ Քասախ եւ Պռոշյան համայնքների բնակիչները ապրիլի 9-ին հանդիպել էին Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն քասախցիները չէին ստացել այն պատասխանը, որն ակնկալում էին։
Բանն այն է, որ 59 համարի ավտոբուսը շուրջ 2 տարի է ծառայում է քասախցիների համար, եւ երթուղին այժմ ուզում են հանել։ Պռոշյանի բնակիչների համար N 25 երթուղին շրջադարձ կանի ՊՆ նախկին շենքի մոտից, իսկ Քասախը սպասարկող համար 59 երթուղին կհանվի։ Բնակիչները ապրիլի 10-ին նշել էին, որ պատրաստ են բոլոր խելամիտ որոշումները քննարկելու, իսկ հակառակ պարագայում՝ իրենց քայլերը լինելու են հաջորդական եւ ավելի ծանրակշիռ։
Ստացվում է այնպես, որ հասարակ քաղաքացու իրավունքները հերթական անգամ ոտնահարվում են, եւ հերթական անգամ հենց այդ նույն հասարակ քաղաքացին ստիպված է իր իրավունքները պաշտպանել փողոց փակելով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: