Գռզո, вышел из себя, будет через полчаса
Վերլուծություն
Նիկոլ Փաշինյանի հիստերիկ ջղաձգումները դարձել են վարակիչ ՔՊ-ականների համար: Այլեւս ոչ միայն Փաշինյան Նիկոլի նյարդերն են տեղի տալիս, այլեւ` նիկոլականների: Անգամ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նույն ինքը Գռզոն, էլ առաջվանը չէ եւ բոհեմական խաղաղությամբ խորհրդարանական միջանցքներում ճեմելու փոխարեն՝ հարձակվում է լրագրողների վրա ու սկսում գոռգոռալ:
«Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացե՛ք ստեղից»,- բղավելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խորհրդարանի միջանցքներում որակումներ է տալիս լրագրողներին ու անհասցե ներողություն խնդրում, թե իբր շփոթվել է իր վերջին հարցազրույցի ժամանակ՝ ասելով, որ Արցախում 2023 թվականին 10 հոգի է զոհվել: Մինչդեռ նա շարունակում է մնալ նույն հարցազրույցում հնչեցրած այն մտքին, որ Ադրբեջանի հարձակման ժամանակ արցախցիները լքել են իրենց տներն ու չեն կռվել: Նույնը նաեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ըստ պաշտոնական տվյալների` 2023 թվականի սեպտեմբերին մեկ օր էլ չտեւած ռազմական գործողությունների հետեւանքով շրջափակված Արցախը շուրջ 223 զոհ է տվել, որոնցից 25-ը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաեւ երեխաներ: 244-ը վիրավորվել էր, նրանցից շուրջ 80-ը՝ քաղաքացիական անձինք: Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմին, կրկին ըստ պաշտոնական տվյալների, Արցախը շուրջ 700 զոհ է ունեցել, էլ չասենք` վիրավորների ու գերիների մասին:
Եվ չնայած նրան, որ արցախատյացության խոսույթ հրահրող գռզոյական մտքերն արժանացան հանրության համատարած թուքումուրի, հայհոյանքի ու անեծքի, այդ թվում՝ զոհվածների ծնողների կողմից, ակնհայտ է, որ օպերացիան իրականացվել է՝ առնվազն այնքանով, որ սա դարձել է քննարկման առարկա թե՛ մամուլում, թե՛ այլուր: Գուցե հենց սա՞ էր Խաչատուր Սուքիասյանի նպատակը: Համենայնդեպս, ըստ որոշ լրատվական կայքերի հրապարակումների, այս ամենը պատահական չէր: Նույն աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը վերջինիս դիտողություն է արել՝ իրեն հեռու պահելու եւ ակտիվություն չցուցաբերելու պատճառով: Եվ ահա Խաչատուր Սուքիասյանն անցել է գերակտիվ իշխանական թեզերի շրջանառմանն ու բախվել լրագրողական համայնքի բիրտ գրիչին եւ սրտնեղել:
Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՁԵՐ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, ՊԱՐՈՆԱՅՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐ
Իսկ խորհրդարանական աշխատանքը շարունակվում է նույն «ռեպերտուարով»՝ «նախկին-ներկա» դիսկուրսով, ՔՊ-ական պատգամավորի «տռուսիկ» ունենալ-չունենալու թեմատիկայով, իշխանության թուրք-ադրբեջանական երբեմն թաքնված, երբեմն բացահայտ քարոզով: Ընդհանուր առմամբ՝ ոչ մի լուրջ բան:
«Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու իրավունք ունեցող եւ այդ իրավունքը երբեւէ չիրացված Ազգային ժողովի այս կազմի պատգամավորների մեջ, հետաքրքիր է, կգտնվի՞ մեկը, ով հետագայում, ընտրությունների մասնակցելով, մեր ժողովրդից իշխանության ակնկալիք կունենա` Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարելու համար», - տեղին հարց է բարձրացնում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Փաստն այն է, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը ժամանակին ասում էր, թե վերցնում են մանդատները, որպեսզի անհրաժեշտ պահի անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին: Սակայն ժամանակն անցավ, 2026 թվականի հերթական ընտրություններին մնաց բավական քիչ շրջան, բայց, արի ու տես, որ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու մասին ձեն-ծպտուն չկա: Մինչդեռ, օրինակ, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը համոզված է. «Իմպիչմենտը իշխանափոխության միակ հնարավորությունն է: Մնացածը ժողովրդի ականջներից կախվող լապշաներ են»: Իսկ եթե չեն նախաձեռնելու այն մինչեւ 2026 թվականը, արդարացիորեն հարց է բարձրացնում «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը. «Ո՞ւմ են պետք ձեր մանդատները»:
ՄԵԶ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՍԱՏԱՆԻԶՄ, ՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունից հետո՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ: Հատկանշական է, որ ասվածից պանիկա է սկսվել ոչ միայն իշխանության շրջանում, այլեւ` որոշ ընդդիմադիրների: Սակայն, նրանց ո՛չ քննադատությունը, ո՛չ անկախության ու սուվերենության մասին լոզունգները չեն դիմանում փաստարկներին ու ճշմարտությանը:
Իսկ թե դեպի Եվրոպա տենչացող իշխանությունն ուր է փորձում տանել հայ ժողովրդին, առավել ակներեւ դարձավ նույն Եվրոպայում տեղի ունեցած մի քանի սկանդալներով՝ այն էլ Սուրբ Հարության տոնին:
Մոլդովայի եւ Դուրկայի մետրոպոլիտ Վլադիմիրը, որը ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ է, չի կարողացել իրականացնել իր այցը Երուսաղեմ՝ Սուրբ Հարության ճրագն իր հավատավոր ժողովրդին բերելու համար: Մոլդովայի իշխանությունները, պարզապես, հրաժարվել են նրան տրամադրել անհրաժեշտ արտոնությունները: Սա հանրային լայն արձագանք է գտել Մոլդովայի հասարակության շրջանում: Քաղաքացիները մեղադրել են իշխանություններին՝ կրոնական ազատությունները սահմանափակելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խաթարելու մեջ: Նրանք պնդում են, որ այս քայլը նպատակ ունի խաթարել Մոլդովայի պատմական կապերը Ռուսաստանի հետ եւ աջակցել արեւմտյան ազդեցությանը:
Իսկ արեւմտյան ազդեցությունը ոչ միայն հակաքրիստոնեական է դարձել, այլեւ` սատանիստական: Այս մասին է փաստում Սուրբ Հարության տոնին ընդառաջ Գերմանիայի «Վալտեր» մարզադաշտում տեղի ունեցածը: Ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ մարզադաշտի արեւմտյան շրջանը ծածկվել է սեւ մակերեւույթով եւ հայտնվել է սատանայի գլխիվայր կարմիր պենտագրամը։ Սատանայական խորհրդանիշի տակ բացվել է մի դրոշ՝ լատիներեն հետեւյալ գրությամբ. «Լսիր մեզ, Լյուցիֆեր, ելիր անդունդից եւ ընդունիր մեր հոգիները»: Սատանայի գալստյան այս խորհրդանշական ծեսից հետո, երբ մարզադաշտում երեւացել է դեւակերպ պատկերը, բացվել է երկրորդ պաստառը. «Տար մեզ դեպի լույսը, տիրիր աշխարհի վրա, ելիր բոցերից եւ հայտնվիր» գրությամբ: Սա է ժամանակակից Եվրոպան:
Մի ուրիշ խայտառակություն էլ տեղի է ունեցել Ուկրաինայում: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ Ավագ ուրբաթ օրը, Կիեւում իրականացրել են ԼԳԲՏ կինոփառատոն: Այն, որ սա բացահայտ սրբապղծություն է, բարձրաձայնել են թե՛ հոգեւորականները, թե՛ որոշ քաղաքական գործիչներ: Ընդ որում՝ սա միակ սադրանքը չէր Կիեւում՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ: Կիեւում գործող գեյ ակումբներից մեկում կազմակերպվել է Սուրբ Զատիկը ծաղրող շոու-ծրագիր:
«Սա Եվրամիության կամ գլոբալիստների ընդհանուր արժեքներն են: Նրանք ամբողջ աշխարհն են տանում դեպի սատանայականության ճանապարհով: Հիմա, ովքեր ասում են, թե ուզում են գնալ դեպի Եվրամիություն, գնում են այս ճանապարհով: Իսկ մենք գնում ենք դեպի արեւելյան քրիստոնեության այն արժեքների հետեւից, որոնք այսօր առաջ է տանում առաջին հերթին Ռուսաստանը: Ռուսաստանում է, որ արգելվել է ԼԳԲՏ-ի քարոզը, սեռափոխությունը եւ դրա քարոզը: Թրամփի գալով` Միացյալ Նահանգներում էլ կատարվեց արժեքային հեղափոխություն, այսինքն՝ մարդիկ սկսեցին հրաժարվել հակաքրիստոնեական արժեքներից: Եվ հենց այս հողի վրա է նշմարվում ռուս-ամերիկյան մերձեցումը»,- շեշտում է Հայկ Բաբուխանյանը:
Ի դեպ, Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն օրերս որոշում է կայացրել, որ 2010 թվականի Հավասարության ակտում «կին» եւ «սեռ» տերմինները «վերաբերում են իգական կենսաբանական սեռին»: Այս որոշումը, ըստ էության, նշանակում է, որ սեռի ճանաչման վկայական ունեցող տրանսգենդեր կանայք «օրենքի աչքում» կանայք չեն համարվելու այլեւս: Այսինքն՝ անգամ Մեծ Բրիտանիան փորձում է հեռու կանգնել այսօրվա Եվրամիության այլանդակ արժեքներից: Այսքանից հետո՝ մեզ մնում է խաչակնքել, մեր հայացքն ուղղել դեպի քրիստոնեությունն ու անսալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքերին՝ հնչեցված Սուրբ Հարության ճրագալույցի պատարագի ժամանակ:
«Արդ, փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք, մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարպվենք հույսից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա եւ ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի եւ ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է եւ ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի», - ասել է Արշակ սրբազանն ու մատնանշել, որ այսօր ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, եւ ամաչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ. «Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ