Կո՞ղմ են, թե՞ դեմ՝ Միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանում
Ներքաղաքական
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել էր Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությանն՝ առ այն, որ նա կողմ է Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը։ Նա մանրամասնել է, որ անդրադառնում է այս թեմային, քանի որ Վ. Ղուկասյանին քվեարկած խմբակցություններից մեկը ներկայացված է նաեւ Երեւանի ավագանիում։ Հետեւապես, նրանց կողմից պետք է հնչի հստակ դիրքորոշում՝ ունե՞ն հակառակ դիրքորոշում, թե՞ ամբողջությամբ կիսում են վերոնշյալը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ:
— Ի՞նչ կասեք Արմեն Գալջյանի հարցադրման վերաբերյալ՝ կիսո՞ւմ եք Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը՝ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու վերաբերյալ:
— Իրենց հայտարարությունների եւ մեկնաբանությունների տիրույթն այս պահի արդիական գործունեության մեջ չի մտնում: Չեմ մեկնաբանի:
— Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստում, «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացավ դրական եզրակացություն: Ի՞նչ եք կարծում՝ ավագանին կընդունի գնի՞ փոփոխությունը:
— Հաշվի առնելով բոյկոտի ծավալները, ինչպես նաեւ փետրվարի 21-ի գործակարգավարականով նիստին հայտարարված թվերը, որոնք անմխիթար են, եւ նաեւ հաշվի առնելով ֆինասատնտեսական հանձնաժողովի նիստի դրական արդյունքը, մենք լիահույս ենք, որ, այնուամենայնիվ, ավագանու նիստին կունենանք մեր ներկայացրած նախագծի ընդունում:
— Որոշում ընդունողն, ամեն դեպքում, լինում է իշխող մեծամասնությունը եւ թվաբանորեն ընդդիմությունը ստացվում է, որ որոշիչ ուժ չէ քաղաքապետարանում… Հետեւապես, ինչո՞վ է պայմավորված Ձեր լավատեսությունը:
— Ավելի հստակ կերեւա նիստի ընթացքում, թե քանի հոգի կմասնկացի նիստին, քանի հոգի կմասնակցի քվեարկությանը: Պատկերը միայն պարզ կլինի նիստի ընթացքում:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ