Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին
Միջազգային
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո կարդինալների առաջին ժողովը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին։
«Նրանք պետք է եկեղեցու համար կարևոր որոշումներ կայացնեն՝ հաշվի առնելով, որ Հռոմի Պապը մահացել է։ Բայց սա դեռ կոնկլավ չէ»,- ասել է Բրունին։
Նրա խոսքով՝ առաջին հանդիպմանը կմասնակցեն Հռոմում ներկա կարդինալները։ Նրանք պետք է որոշեն հովվապետի հուղարկավորության վայրն ու ժամանակը, ինչպես նաև նրա մարմնի տեղափոխումը Սուրբ Պետրոսի տաճար։
Ըստ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարի՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մարմինը կարող է չորեքշաբթի առավոտյան դրվել Սուրբ Պետրոսի տաճարում՝ հրաժեշտի համար:
«Սրբազան հոր մարմնի տեղափոխումը Վատիկանի բազիլիկ՝ հավատացյալների այցելությունների և նրա հիշատակը հարգելու համար, կարող է տեղի ունենալ չորեքշաբթի առավոտյան՝ 2025 թվականի ապրիլի 23-ին, այն պայմանների համաձայն, որոնք կսահմանվեն և կհայտարարվեն վաղը՝ կարդինալների առաջին ժողովից հետո»,- ասել է Բրունին լրագրողներին:
Ըստ Վատիկանի մամուլի ծառայության՝ Հռոմի պապն անցած տարի փոփոխություն է կատարել պոնտիֆիկոսի հուղարկավորության կարգի մեջ՝ հրահանգելով իրեն հուղարկավորել շատ ավելի համեստ, քան մինչև հիմա ընդունված է եղել: «Նորացված ծեսը նպատակ ունի ավելի հստակ ընդգծելու, որ Սրբազան Պապի հուղարկավորությունը Քրիստոսի հովվի և աշակերտի հուղարկավորություն է, այլ ոչ թե այս աշխարհի հզոր անձնավորություններից մեկի հուղարկավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: