Եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ է սահմանվում մարտի 2-ը, վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը
Հասարակություն
Քաղաքացիներն 2025–ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, դրանից հետո՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2–ից սկսած: ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Մայիսի 1-ը՝ որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք՝ այս տարվա և հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1–ը: Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1–ը: Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1–ը»,–ասաց Թունյանը:
Ըստ օրենքի՝ մարդիկ կարող են հունվարի 1–ից մինչև մայիսի 1–ը հայտարարագիր լրացնել՝ ցանկացած օր: Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2–ը:
Պատգամավորի խոսքով՝ մոտ 35 հազար մարդ է այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրել: