Ուիտկոֆը կարող է Ռուսաստան գալ Լոնդոնում բանակցություններից հետո. The Wall Street Journal
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիտկոֆը Լոնդոնում բազմակողմ խորհրդակցություններից հետո շուտով կարող է կրկին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։
CNN-ն ավելի վաղ հայտնել էր Ուիտկոֆի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև նոր հանդիպում կազմակերպելու Վաշինգտոնի ծրագրերի մասին, սակայն մանրամասները չեն նշվում։ Ըստ աղբյուրների՝ շաբաթվա վերջին Լոնդոնում կհանդիպեն ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ-ի ներկայացուցիչները։ Ակնկալվում է, որ ներկա կլինեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և անձամբ Ուիտկոֆը։ Սրանից հետո ամերիկացի դիվանագետը կարող է մեկնել Ռուսաստան։
Ապրիլի 17-ին Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, ինչպես գրում է WSJ-ը, ԱՄՆ-ը Կիևին է փոխանցել «Ուկրաինայում կայուն խաղաղության ուրվագծերով» գաղտնի փաստաթուղթ, իսկ ավելի ուշ այն քննարկել է եվրոպացի գործընկերների հետ։ Պետդեպարտամենտը հաստատել է, որ ռուսական կողմը տեղեկացվել է առաջարկների մասին։ Այժմ Վաշինգտոնը սպասում է Ուկրաինայի պատասխանին, որը պետք է տա լոնդոնյան բանակցությունների ժամանակ։ Եթե կողմերի դիրքորոշումները համընկնեն, նախաձեռնություններ կարող են ուղարկվել Մոսկվա։ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան WSJ-ին ասել է, որ փաստաթուղթը պարունակում է քննարկման համար «պոտենցիալ տարբերակների ցանկ», այլ ոչ թե վերջնագիր:
Ուիտկոֆի հնարավոր այցը կլինի առնվազն չորրորդը տարվա սկզբից։ Կրեմլը դեռ չի մեկնաբանել ամերիկյան կողմի ծրագրերը։