«ՍԱ ԿՅԱՆՔԻՍ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԷՐ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆ
Սպորտ
Վերջերս Թաիլանդի Բանկոկ քաղաքում կայացել է Մուայթայի Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 7 մեդալ, որից 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե։ Հայաստանի պրոֆեսիոնալ մուայթայ ֆեդերացիան ներկայացնող քիքբռնցքամարտիկ, Աշխարհի չեմպիոն ՌՈՄԱՆ ՔԱԼԱՇՅԱՆԸ ոսկե մեդալ է նվաճել, նաև Աշխարհի չեմպիոնական գոտին է նվաճել։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։
- Շնորհավորում ենք, Ռոման, Աշխարհի չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Մեկնարկում հաղթեցի ֆրանսիացի մրցակցիս։ Իսկ ահա երկրորդ մենամարտում, չեմպիոնական գոտու ճանապարհին նոկաուտի ենթարկեցի Հնդկաստանի ներկայացուցչին ու այդպես հաղթեցի, նվաճեցի Աշխարհի չեմպիոնական գոտին։ Անկեղծ ասած, շատ երկար էի սպասել այս հաղթանակին, այս չեմպիոնական գոտուն, շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա նվաճել այն։ Նշեմ, որ հենց առաջին մենամարտի առաջին ռաունդից սկսած բարդ էր, քանի որ մենամարտի ընթացքում ստացա քթի կոտրվածք, բայց դա որևէ կերպ չխանգարեց հավաքվելուն և մենամարտը իր տրամաբանական ավարտին հասցնելուն։
- Հետաքրքիր է, թե ինչպիսի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։
- Շատ անբացատրելի զգացողություններ ունեցա, շոկի մեջ էի։ Քանի որ շատ երկար էի սպասել այդ օրվան, հատկապես նախորդ տարվանից հետո առավել վճռական էի տրամադրված։ Նախորդ տարվա Աշխարհի առաջնության ժամանակ նվաճել էի արծաթե մեդալ և ինքս ինձ համար որոշել էի, որ կիսատ գործն ավարտին է պետք հասցնել։ Հաղթանակս նվիրում եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել միշտ, օգնել ու աջակցել են, ուրախացել ու տխրել ինձ հետ միասին ու իրենց կարևոր լուման ունեն իմ բոլոր մարզական հաջողություններում, ձեռքբերումներում։
- Ռոման, ինչպիսին էին մրցակիցներդ։
- Բավականին ուժեղ էին։ Թեև չէի հասցրել ուսումնասիրել, զուտ ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ, որ դուք էլ եք ինձ հետ համակարծիք, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելն ինքնին արդեն ենթադրում է ուժեղ ու արժանի մրցակցություն։ Երկու մենամարտն էլ բավականին բարդ տրվեցին, ու չեմ կարող առանձնացնել։
- Ինչպիսի մարզավիճակում էիր գտնվում Աշխարհի առաջնության ժամանակ։
- Նախքան մրցաշարը, շատ լավ մարզավիճակում էի գտնվում, սակայն վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացա ու ստիպված էի վատառողջ հանդես գալ։
- Սա քո որերորդ հաղթանակն էր։
- Անկեղծ ասած, հաղթանակներս իրականում շատ - շատ են, հստակ թիվ նշել չեմ կարող։ Բայց որ սա կյանքիս կարևորագույն հաղթանակներից մեկն էր, դա հաստատ է։ Նշեմ, որ մեր երկրի հավաքականը բավականին հաջող հանդես եկավ, նվաճեցինք 3 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալ, սա շատ լավ արդյունք եմ համարում։ Իմ անձնական մարզիչն է Արամ Աբրամյանը, նա Մուայթայի ֆեդերացիայի նախագահն է նաև։
- Ռոման, հետաքրքիր է մեր երկրում մուայթայ մարզաձևը ինչպիսի զարգացվածություն ունի։
- Տարեցտարի ցուցանիշները բարելավվում են, ինչը նշանակում է, որ նախորդ տարիների համեմատ թե հետաքրքրվողների թիվն է աճում, թե գործող մարզիկներն ավելի շատ ու ավելի արդյունավետ են աշխատում։
- Շնորհակալություն, Ռոման, մեզ ժամանակ տրամադրելու, շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույցի համար։
- Ես էլ շատ զգացված եմ մշտապես ուշադրության համար, իմ նվաճումները մշտապես Ձեր թերթում լուսաբանելու համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




