Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջ
Միջազգային
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրադադարի հայտարարումից հետո Ուկրաինայի զինված ուժերը 444 անգամ կրակ են բացել ռուսական բանակի դիրքերի ուղղությամբ և 900 անգամ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում, ինչպես նաև վնասվել են քաղաքացիական օբյեկտներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ՌԴ ԶՈւ-ի բոլոր խմբավորումները, որոնք գտնվում են ՀՕՊ գոտում, ապրիլի 19-ի ժամը 18:00-ից խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են իրենց դիրքերում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադարի մասին ապրիլի 19-ի ժամը 18:00-ից (Երևանի ժամանակով 19։00) մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն (Երևանի ժամանակով 01։00)։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը «կգործի հայելային ձևով»։