«ԲՐՈՆԶԻ ՀԱՄԱՐ ՉԷԻ ՄԵԿՆԵԼ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆ

Վերջերս Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ է նվաճել անվանի ըմբշամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, 65 կգ քաշային կարգում հանդես եկող ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ։ Նա Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց.
- Ընդհանուր առմամբ, ուրախ եմ, որ կարողացել եմ մեդալ նվաճել, սակայն բրոնզի համար չէի մեկնել Բրատիսլավա։ Լավ էի պատրաստվել, որպեսզի ոսկի նվաճեմ, բայց չստացվեց։ Չեմ հուսահատվում և վստահ եմ, որ առաջիկայում ուժերս ցույց տալու նոր հնարավորություններ կլինեն։ Եվրոպայի առաջնությունը տարեցտարի բարդանում է, ռուսների մասնակցությունը շատ փոխեց մրցաշարի ընթացքը։ Երկու տարի նրանք բացակայել էին, ու նոր չեմպիոններ եղան։ Բայց, սովորաբար չենք գնում որևէ մրցակցից խուսափելու համար, չեմպիոն դառնալու համար պարտավոր ես բոլորին հաղթել։ Կարծում եմ հետագայում պետք է ավելի ինտենսիվ ու ծանրաբեռնված մարզվենք։ Նույն բանն անելով շատ մեծ արդյունքների չենք հասնի։
Ըմբիշների ելույթները այսպես ամփոփեց թիմի երկրորդ մարզիչ ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆԸ. - 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ։ Դրական եմ գնահատում։ Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադառնալը հեշտ չի։ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը հավասար պայքարում զիջել են Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոնների։
ԵԱ - ում մեր թիմի արդյունքները դրական են, նորմալ, բայց ակնկալում էինք ավելին։ Թիմում ունենք երկու գործող չեմպիոն։ Ինչ - ինչ պատճառներով զիջեցինք։ Կարող էինք հաղթել, բայց թույլ տված սխալները խանգարեցին։ Մանվել Խնձրցյանը շատ մոտ էր մեդալին։ Նա էլ ինչ - ինչ պատճառներով պարտվեց։ Մյուս տղաներն առաջին անգամ էին մասնակցում մեծահասակների ԵԱ ֊ին։ Պետք է բարելավենք թիմի մարզումները, որպեսզի ավելի լավ հանդես գանք։ Կլինի քննարկում մարզչական շտաբի ու տղաների հետ, որպեսզի մյուս մրցաշարերում այս սխալները չլինեն։ Հուսամ, հաջորդ մրցաշարերում նորից կհաղթենք ու կուրախացնենք ժողովրդին։ Ամեն ինչ կանենք, որ Աշխարհի առաջնությունում պայքարենք ոսկե մեդալների համար։ Կազմում կլինեն փոփոխություններ։ Մինչև Աշխարհի առաջնությունը, մի քանի միջազգային մրցաշարերի կմասնակցենք ու հավաքներ կանցնենք։Իմ տարիներին, երբ ես էի մրցագորգում, մեկ ֊երկու մեդալը մեծ ուրախություն էր բոլորիս համար։ Հիմա տխրում ենք, որ ոսկե մեդալ չենք նվաճել։ Ժամանակին ոսկե մեդալը երազանք էր։ Այն տարիներից հետո շատ բան է փոխվել թե ըմբշամարտում, թե հավաքականում։ Թիմը միասնական է, հարգանքով, հավատով մեկը մյուսի հանդեպ։
Մեծ հույսեր ունեմ այս տղաների հետ կապված։ Նրանք մինչև 2028 թվականի Օլիմպիական խաղերն ավելին կանեն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ


