Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` փոխչեմպիոն
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց 4-րդ արծաթե մեդալը: Եվրոպայի Մ20 չեմպիոն Աննա Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն:
Կանանց 76 կգ քաշայինների պայքարում Աննա Ամրոյանը երկամարտում գրանցեց 231 կգ արդյունք (100+131):
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ արդյունքով 6-րդն է (95+131):
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 95 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 100 կգ: Այս վարժությունում պայքարն ավարտեց 6-րդ տեղով:
Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում միայն առաջին մոտեցումը հաջողեց՝ բարձրացնելով 95 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրած 100 կգ-ը ձախողեց: Խաչատրյանն այս վարժությունում 12-րդն է:
Հրում վարժությունում Ամրոյանը մեկնարկեց 126 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 131 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ հրեց 131 կգ: Այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Միլենա Խաչատրյանը առաջին մոտեցմամբ հրեց 121 կգ: Երկրորդ մոտեցման համար Արտաշես Ներսիսյանը պատվիրեց 128 կգ, որը երիտասարդ ծանրորդը հաջողությամբ բարձրացրեց: Երրորդ մոտեցմամբ էլ հրեց 131 կգ-ը: Այս վարժությունում Միլենա Խաչատրյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:
Այս քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը երկամարտի 233 կգ արդյունքով նվաճեց իատալացի Ռամիդա Տոկո Կենգեն (100+133):