Սինանյանը խախտում է արարողակարգը՝ հարվածելով եկեղեցուն եւ թեմական միաբանությանը
Ներքաղաքական
Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով այս օրերին գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։ Հանձնակատարի գրասենյակն էլ «աչքալուսանք» է տալիս՝ նրա ունեցած հանդիպումների մասին, միայն թե հրապարկված հաղորդագրություններից առնվազն մեկը խեղաթյուրված է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի:
«Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի եւ միության անդամների հետ, Եվրոպայի Հայ Ավետարանական եկեղեցիների ընկերակցության քարտուղար պատվելի Ներսես Կետիկյանի, Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհրդի անդամների եւ եկեղեցու սպասավոր Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ», - ասված է հաղորդագրությունում: Բայց խնդիրն այն է, որ Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցում Տեր Արմեն քահանա Մելքոնյան անունով սպասավոր չկա: Խոսքը կարգալույծ հռչակված մի նախկին հոգեւորականի՝ Սարգիս Մելքոնյանի մասին է, որի հետ մի սեղանի շուրջ նստելը որեւէ կերպ չի կարող ներկայացվել իբրեւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորի հետ հանդիպում: Ավելին՝ ով է նա, առավել ուշագրավ է:
Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցություն է ունեցել, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբավորման գործողություններին։ Իսկ նախորդ տարի, շրջանցելով առաջնորդական տեղապահին, կապի մեջ է մտել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ եւ նույն թվականի նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է սկսել իրականացնել Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում: Մի՞թե այս ամենից տեղյակ չէր Զարեհ Սինանյանը, թե՞ միտումնավոր գնացել է Բուլղարիայի հայ համայնքում սադրանք հրահրելու, կարգալույծ հռչակվելուց հետո էլ Եկեղեցու դեմ զազրելի բանսարկություններ տարածողին էլ պաշտոնապես արտոնություններ տալու:
«Իրավունք»-ը փորձեց վերոնշյալի հետ կապված մեկնաբանություն ստանալ Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գերաշնորհ Տ. ՏԱԹԵՎ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:
«Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շատ լավ տեղեկացված է եղել, որ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում Արմեն քահանան կարգալույծ է արված: Մինչդեռ պարոն Զարեհ Սինանյանը ոչ միայն հանդիպել է իր հետ, այլեւ միասին մի սեղանի շուրջ են նստել, քննարկել համայնքային հարցեր, պաշտոնական հաղորդագրության մեջ էլ գրել են՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Արմեն քահանա Մելքոնյան՝ շատ լավ իմանալով, որ այդպես չէ: Սա անընդունելի է, չի՛ կարելի», - ընդգծեց Տաթեւ սրբազանը:
Թե արդյոք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի Բուլղարիա այցի շրջանակում նախատեսված է եղել նաեւ Հայոց թեմի առաջնորդական տեղապահի հետ հանդիպում, սրբազանն ասաց, որ խոսք անգամ չի եղել այդ մասին: Ստացվում է, որ Սինանյանն անտեսել է առաջնորդական տեղապահի հանգամանքը, խախտել արարողակարգին հատուկ դրույթները եւ առաջնորդվել է սեփական հայեցողությամբ՝ վնասելով Բուլղարիայի հայ համայնքի շահերը՝ սպասարկել կոնկրետ անձանց ապակառուցողական ծրագրերին: Եթե սփյուռքի հարցերով նման պետական պաշոտնյայի կողմից չի հարգվում եկեղեցու կանոնական որոշումը, ապա օրինաչափ է, որ նույն հոգեւորականներն էլ Հրանուշ Հակոբյանին ներկայացնեն, որպես գործող Սփյուռքի նախարար, հատկապես այն դեպքում, երբ Սինանյան Զարեհ հանձնակատարն իր գործողություններով ոչ թե Սփյուռքին միացնող դերակատարություն է ստանձնել, այլ՝ պառակտող: Առավել զարմանալի է Բուլղարիայի հայկական կառույցների կրավորական կեցվածքը կարգալույծ հոգեւորականի հանդեպ: Արդյոք Սինանյանի հետ հանդիպման գնացած անձինք հասկացել են, որ մասնակից են դարձել մի ոչ թե հանդիպման, այլ կեղտոտ շոուի, որտեղ սեղանի գլխում հայտնվում է ինքնահռչակ մեկը՝ իբրեւ եկեղեցու սպասավոր, իսկ սեղանի վրա դրված են հարցեր, որոնք էլ առավել բարդացնում են Բուլղարիայի հայ համայնքի հայանպաստ գործունեությունը:
Հ.Գ.- Ի դեպ, նկատեցինք, որ հաղորդագրությունից ավելի ուշ հեռացվել է կեղծ հոգեւորական ներկայացող Սարգիս Մելքոնյանին վերաբերող սուտ տեղեկատվությունը: Սակայն, փաստը մնում է փաստ, որ Զարեհ Սինանյանը Բուլղարիայում հենց նրա հետ է հանդիպել, որի վերաբերյալ լուսանկարները շարունակում են «զարդարել» Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնական էջը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



