Ուկրաինական պատերազմի վերջին փուլը սկսված է
Վերլուծություն
Այս պահին պտտվող գլխավոր հարցերից մեկն էլ այն է, թե արդյոք ռուս-ամերիկյան ներկա գործընթացները անշրջելի՞ են (ֆորս մաժորները, իհարկե, հաշվի չառնելով), եւ այն տանելո՞ւ է կողմերի հարաբերությունների հստակեցման՝ փոխադարձ շահերն ընդունելու հիմքի վրա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310662&l=am):
Դատելով ֆեյքերի առատությունից, որոնք ուղղված են ռուս-ամերիկյան գործընթացները խոչընդոտելուն եւ որոնք ներկա փուլում, անգամ չթաքցնելով, տարածում են անգամ արեւմտյան ամենահեղինակավոր աղբյուրները, կարելի է գալ նման հետեւության: Գոնե լիբերալ դաշտում վստահ են, որ Պուտինի եւ Թրամփի ներկա երկխոսությունը հեռանկարային է, ըստ այդմ, ամեն ինչ պետք է անել դրա դեմ: Բայց նաեւ, եթե բանը հասել է բացահայտ ֆեյքերին, թերեւս ակնարկում է, որ ռեալ միջոցների հարցում լիբերալները խնդիրներ ունեն:
Նման ֆեյքային օրինակ էր օրերս ուկրաինական Սումիում տեղի ունեցածի շուրջ աղմուկը: Խոսքը ռուսական հրթիռների կողմից ուկրաինական (նաեւ արեւմտյան) հրամկազմին հարվածելու պատմության մասին էր: Այսինքն, Սումիի մարզպետի նախաձեռնությամբ (որից նա հետո գերադասեց հրաժարվել, եւ այն, որ նրան չեն կալանավորել, խոսում է այլ պատվիրատուների մասին) կազմակերպվել էր հրամանատարներին հրապարակային պարգեւատրման միջոցառում, եւ հենց այդ կուտակմանն էլ ռուսական հրթիռը հարվածեց: Միայն թե, տարածվեցին նաեւ կադրեր, որ զոհվել են մեծ թվով խաղաղ քաղաքացիներ, որի հիման վրա, էլի բրիտանացիների գլխավորությամբ, եվրալիբերաստները մեծ աղմուկ բարձրացրին: Թեեւ հետո ի հայտ եկավ նաեւ տեսանյութ, որ եղել է այլ պայթյուն՝ հենց «տեղական բնույթի», բնակելի հատվածում, հենց որից էլ զոհվել են քաղաքացիները, սակայն անգամ դա չխանգարեց, որ թեման հրամցվի Թրամփին, թե հիմա ի՞նչ կասես, պետք չէ՞ ռուսների դեմ մոտեցումները կտրուկ կոշտացնել: Միայն թե Թրամփն այլ ուղղությամբ գնաց՝ Զելենսկուն մեղադրել էր ուկրաինական հակամարտությունը սկսելու մեջ։ «Զելենսկին միշտ հնարավորություններ է փնտրում հրթիռներ գնելու համար: Երբ պատերազմ ես սկսում, դու պետք է իմանաս, որ հաղթելու ես դրանում: Հատկապես քո մեծության 20-ապատիկի չափով ինչ-որ մեկի դեմ պատերազմ»:
Կարճ ասած, բրիտանական պրովոկացիան չստացվեց, թեեւ հետագա իրադարձություններն էլ ավելի սրեցին իրավիճակը: Այսպես, ուկրաինական Ռադայի սկանդալային պատգամավոր Բեզուգլան հայտարարեց. «Թրամփը մեղադրել է Ուկրաինային պատերազմ սկսելու մեջ, այլ ոչ թե Ռուսաստանը հարձակվում է մեզ վրա: ԱՄՆ-ն այժմ Ռուսաստանի դաշնակիցն է, ցավոք: Տեսականորեն, իրավիճակը ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառ է»:
Իհարկե, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու միտքը հենց այնպես, օդից չի կարող ընկնել: Բեզուգլան հանդիսանում է ուկրաինական «գորշ կարդինալ» Երմակի դրածոն: Մինչ այս, ուկրաինական պատգամավորները տարածեցին լուրեր, որ Թրամփը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Զելենսկու մերձավոր շրջապատի դեմ, որտեղ առաջնային տեղում է MI-6-ի գործակալի համարում ունեցող Երմակը: Նման է, որ նա իր ձեռնասունների միջոցով պատրաստ է անգամ Ուկրաինային հասցնել նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու աստիճան, միայն թե սեփական կաշին փրկի:
Բայց սա էլ չէ խնդիրը: Այս պատմությունը պարզապես վկայում է երկու նման իրողության մասին: Նախ, արդեն անգամ ուկրաինական աղբյուրները չեն կարողանում թաքցնել, որ Թրամփը գործնականում արդեն պատրաստ է Կիեւի ղեկավարության հարցը տեղափոխել պատժամիջոցների դաշտ: Ու դա բնական է, պետք է պատերազմն ավարտին հասցնել, Զելենսկին համառորեն հրաժարվում է, եւ նրան հեռացնելու հարցը Վաշինգտոնի համար դառնում է առաջնային:
Երկրորդը: Բրիտանիան թեեւ համառորեն շարունակում է անգամ խոշոր պրովոկացիաների միջոցով ռուս-ամերիկյան բանակցային գործընթացը ձախողելու փորձերը, սակայն դեռեւս ռեալ հաջողություններ այդպես էլ չկան: Իսկ այս հեռանկարները շատ ավելի կփոքրանան, երբ Թրամփն ուկրաինական ներկա ղեկավարության դեմ անցնի պատժամիջոցների ռեժիմների: Առավել եւս, որ դեռ Բայդենի ժամանակներից Ուկրաինային տրվող ռազմական օգնության ծրագիրն արդեն գործնականում ավարտվում է, իսկ Թրամփի վարչակազմը ոչ թե այլեւս չի պատրաստվում նոր գումարներ հատկացնել, այլ հին գումարներն է հետ պահանջում:
Իսկ մյուս կողմից, ռուսներն ակնհայտորեն պատրաստվում են մեծ հարձակողական գործողությունների, եւ այն, որ անգամ Զելենսկին է խոստովանում, որ դրանք կավարտվեն ուկրաինական կողմի համար շատ ավելի մեծ տարածքային կորուստներով, իր հերթին է շատ բանի մասին ակնարկում:
Մի խոսքով, նման է, որ ուկրաինական պատերազմի վերջին փուլն արդեն սկսված է: