ChatGPT-ի օգտագործումը կհարկվի՞ 20 տոկոսով. լուրի հետքերով
Ներքաղաքական
Համացանցում լայնորեն շրջանառվում է, թե ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հայտարարել է, որ մայիսի 1-ից Հայաստանում արհեստական բանականության գործիքների, այդ թվում՝ ChatGPT-ի օգտագործումը կհարկվի 20 տոկոսով։ Փաստորեն, ստացվում է, որ աշխարհը խրախուսում է նորարարական տեխնոլոգիաների զարգացումը, իսկ Հայաստանը՝ փորձում է դրանից էլ փող քերել ու հարկել, կարծես, սեփական գյուտն էր ChatGPT-ին:
Այդուհանդերձ, տեղեկության հավաստիությունը ճշտելու համար՝ դիմեցինք հենց մեծարգո ChatGPT-ին, որը մեր հարցմանն ի պատասխան նշեց. «Ներկայումս չկա պաշտոնական տեղեկություն կամ հրապարակված հայտարարություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե մայիսի 1-ից Հայաստանում արհեստական բանականության գործիքների, այդ թվում՝ ChatGPT-ի օգտագործումը կհարկվի 20 տոկոսով։ Մեր որոնման արդյունքներով նման հայտարարություն չի հայտնաբերվել»:
Ինչեւէ, հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել էր, որ Հայաստանը պետք է մշակի արհեստական բանականության կիրառության կարգավորումներ՝ միաժամանակ չսահմանափակելով տեխնոլոգիայի զարգացումը։ Իսկ թե կառավարության հետաքրքրվածությունն արհեստական բանականության ոլորտում արդյոք հարկերի բարձրացման համատեքստում է լինելու, ցույց կտա ժամանակը: Սակայն, այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ մարդիկ այս լուրը տարածում են՝ առանց նույնիսկ կասկածելու, թե՝ կարո՞ղ է իրական չէ, որովհետեւ այս կառավարությունից հեռու չէ, իսկ առանց կրակ էլ ծուխ չի լինում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ