ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սպորտ
Հայաստանի Պաուերլիֆթինգի /Ուժային եռամարտ/ հավաքականը վերջերս մասնակցել է Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած XPC վարկածով Եվրոպայի առաջնությանը։ 15 երկրի ավելի քան 400 մարզիկների թեժ պայքարում մեր հավաքականը գրավել է առաջին հորիզոնականը։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ և գլխավոր մարզիչ ԳԱԳԻԿ ՍԱՐՈՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարը.
- Մեր երկրի հավաքականը գրանցեց իր հերթական պատմական արդյունքը։ Մեր մարզիկները ընդհանուր նվաճեցին 14 մեդալ, որից 10-ը ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե։ Մենք լավագույնը ճանաչվեցինք Եվրոպայում։ Ես շատ գոհ եմ այս արդյունքից։ Ոչ մի հաղթանակ էլ հեշտ չի տրվում, սա տարիների մեր կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Նշեմ, որ երկրորդ տեղն էլ գրավեց Լեհաստանի, իսկ երրորդ տեղը Հունգարիայի հավաքականը։ Նշեմ, որ գրանցված լավագույն արդյունքի համար Հայաստանի Պաուերլիֆթինգի հավաքականը պարգևատրվեց հատուկ գավաթով։ Ապրիլի 26-27-ն էլ Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի հետ միասին պիտի անցկացնենք մինչև 18 տարեկանների Հայաստանի առաջնությունը։ Դրանից հետո էլ Չեխիայում պիտի մասնակցենք GPC վարկածով Եվրոպայի առաջնությանը։
Մեզ հաջողվեց բացառիկ զրույց ունենալ նաև այս մրցաշարում ոսկե ու արծաթե մեդալներ նվաճած, Եվրոպայի եռակի ռեկորդակիր, Աշխարհի քառակի չեմպիոն ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը. - 110 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Եռամարտում, կքանիստում մեծահասակների պայքարում Եվրոպայի երեք ռեկորդ եմ սահմանել։ Պառկած սեղմում վարժությամբ էլ նվաճեցի արծաթե մեդալ։ Շատ լավ զգացողություններ ունեցա հաղթանակից հետո, մեծ հպարտություն զգացի, քանի որ ես էլ հաղթեցի, մեր երկրի հավաքականն էլ գրավեց առաջին պատվավոր տեղը։ 14 տարի է, ինչ զբաղվում եմ ուժային եռամարտով, մեր երկրում բավականին լավ զարգացած մարզաձև է, շատերն են հետաքրքրվում այս մարզաձևով։
- Գևորգ, 9 տարի է անցել Ապրիլյան քառօրյա պատերազմից։
- Խոնարհվում եմ մեր բոլոր անմահ հերոսների պայծառ հիշատակին։ Երբեք չենք մոռանա Արցախի հերոսներ Ռոբերտ Աբաջյանին, Արմենակ Ուրֆանյանին, մյուս բոլոր մեր հերոսներին Քյարամ Սլոյանին, Անդրանիկ Զոհրաբյանին, Վիկտոր Յուզիխովիչին, նրանց կատարած սխրանքը։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ծանր օրերին նրանք կյանքի գնով պաշտպանել են իրենց վստահված մարտական դիրքը ու չեն խնայել ամենաթանկը իրենց կյանքը հանուն հայրենիքի։ Իմ այս հաղթանակը նվիրում եմ նրանց պայծառ հիշատակին։ Այս հաղթանակիս համար «Անդրանիկի արծիվներ» կազմակերպության կողմից արժանացա «ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐ» մեդալի։
- Շնորհակալություն, Գևորգ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
֊Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




