Տիգրան Ավետիսյանը գտել է գաղջից դուրս գալու բանաձեւը
Մշակութային
Երգահան ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ձայնագրում է իր նոր ալբոմը, որը կոչվում է «Հասկենի»: Մայիսին լույս կտեսնի հեղինակ կատարողի թվով արդեն երկրորդ ալբոմը: Այս առթիվ «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:
— Ինչու հենց «Հասկենի»:
— Տարիներ առաջ առասպելական, հորինած մի պատմվածք ունեի գրած, որ հասկը դառնում է ծառ: Պատմվածքի մեջ զուգահեռ եմ տարել մեր այժմյան Հայաստանի հետ եւ շեշտը դրել եմ այն գաղափարի վրա, որ հասկը հեշտ է կտրելը, արմատախիլ անելը, հետեւաբար նա պետք է ծառ դառնա, որպեսզի ամուր արմատներ ունենա, կպնի իր հողին, եւ արդեն նրան վտանգ չի սպառնա: Այսինքն՝ նմանկերպ ցանկացել եմ ներկայացնել, որ մեր իրականության մեջ միակ ելքը պիտի լինի ամրանալը, ուժեղանալը, որպեսզի մեզ հնարավոր չլինի արմատից կտրել: Հենց այս գաղափարից ելնելով՝ որոշեցի ալբոմին «Հասկենի» անունը տալ: Երգացանկում 11 երգ կա, որից մեկը հենց «Հասկենին»-է, որը կատարում եմ ես եւ «Խազեր» երգչախմբից Լուսինե Խաչոյանը: Զուգերգ է լինելու, եւ շատ գեղեցիկ ակուստիկայով գործ է լինելու: Մայիսի սկզբին արդեն պատրաստ կլինի: Դրանից բացի, կա եւս 10-ը գործ, որոնք ամբողջապես հեղինակային գործեր են, եւ բոլորի բառերի հեղինակը ես եմ եւ ժամանակակից գրող Տարոն Գլակը: Երաժշտությունները ես եմ գրել, գործիքավորումները շատ գունեղ, հարուստ եւ գեղեցիկ են: Նախորդ ալբոմից կրկնակի հարուստ եւ հզոր: Պիտի ասեմ, որ «Հասկենի» ալբոմի ստեղծմանը մասնակցել են 16 երաժիշտ: Հնչելու է սաքսաֆոն, ջութակ, դաշնամուր եւ այլն:
— Կրկի՞ն դասական-ռոք երաժշտության միքս…
— Այո, երաժշտությունը դասական եւ ռոք ոճի խառնուրդ է, նաեւ բալադային: Այսինքն՝ արկեստրային, ռոք ոճով, իսկ տեքստերը հայրենասիրական են, եւ ներկայացվում է, թե ինչպես պետք է այս գաղջից դուրս գալ: «Հասկենի» ալբոմը նույնպես կներկայացվի շնորհանդեսի միջոցով: Կներկայացնեմ երգերը, նրանց ծնվելու միտումն ու գաղափարը: Մի երգի վրա անիմացոն տեսահոլովակ է հավաքված, որը նույնպես կներկայացնենք շնորհանդեսի ընթացքում: Ընդանուր առմամբ, այս ալբոմը ավելի հզոր է, քան նախորդը: Շատ եմ ցանկանում, որ շնորհանդեսը կայանա մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի օրվա կապակցությամբ: Կլինի նաեւ տեսահոլովակ՝ «Երկիր իմ» երգի հիման վրա: Պլանները շատ են, պետք է հասցնել եւ հայ հանդիսատեսին պատշաճ ներկայացնել այն, ինչ իսկապես պետք է մեր օրերում, որպեսզի հաղթենք ու ազատվենք այս գաղջից:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ