Կա խեղաթյուրված իրականություն, որը ոչ մի կապ չունի մեզ հետ. Վարշամ Գեւորգյան
Մշակութային
Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ Կապան քաղաքում: Կապան քաղաքը պատահական չէր ընտրված՝ այս տարի նշվում է Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակը: «Արտավազդ-2025»-ին Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում մրցանակի արժանացավ Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասան ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ «...իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման մեջ Չիկոյի դերակատարման համար, ում հետ էլ զրուցել է «Իրավունք»-ը:
«ՄՐՑԱՆԱԿ ՉՍՏԱՆԱԼՈՒ ՓՈՐՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՆԵՄ»
— Շնորհավորում ենք՝ Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում մրցանակի արժանանալու կապակցությամբ: Սպասո՞ւմ էիք նման բարձր մրցանակի:
— Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իհարկե, հաճելի էր, ուրախացա: Թե որքանով էր սպասված, այսպես ասեմ՝ հաշվի առնենք, որ ես 20 տարի է, ինչ զբաղվում եմ թատրոնով եւ Համազգային թատրոնի դերասաններից եմ, մշտապես զբաղված եմ ու դերի պակասից երբեք չեմ բողոքել, միշտ կամ խաղացանկում, բայց սա իմ առաջին «Արտավազդ»-ն էր, հետեւապես կարող եմ ասել, որ սպասված էր: Նաեւ կարող եմ ասել, որ սպասված չէր՝ չստանալու փորձ ավելի շատ ունեմ եւ հանգիստ եմ տարել բոլոր այն տարիները, երբ մրցանակ չեմ ստացել: Բնական է, մրցանակաբաշխությունը տարին մեկ անգամ է լինում, իսկ ներկայացումները շատ-շատ են, եւ հաղթողը միշտ մեկն է լինում: Այնպես որ, բոլորովին չարժեզրկելով մրցանակի նշանակությունը՝ եթե անգամ չստանայի, ապա մեծ դժբախտություն չէր պատահի: Ավելին՝ նույնիսկ փոքր դժբախտություն չէր պատահի:
— Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս հայաստանյան մշակութային կյանքը:
— Դժվար է գնահատել այսօրվա մշակութային կյանքը Հայաստանում, որովհետեւ իրականությունը նախ պարզ չէ: Գիտեք, յուրաքանչյուր ստեղծագործություն որքան էլ այն հորինվածք լինի, որքան էլ երեւակայության արդյունք, բայց անմիջական կապ ունի իրականության հետ, եւ հիմքն իրականությունն է: Այսօրվա մեր իրականությունում նույնիսկ ամենահասարակ, պարզ ճշմարտությունները ճշտված չեն: «Что такое хорошо и что такое плохо» , ինչպես ասվում է ռուսական առածում, ամենապարզ արժեքները, երբ անգամ իրականության մեջ ճշտված չեն, բնականաբար, անճշտություն կունենան ստեղծագործություններում եւ ֆիլմերում: Այսօր, երբ հերոսին ու հանցագործին, խաբեբային եւ հայրենասերին իրարից դժվար է տարբերելը, այդ պայմաններում իսկապես բարդ է ստեղծագործել եւ հորինել նոր մշակութային կերպարներ, այնուհանդերձ, կան, տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք քանդակներն են, երաժշտությունն ու ներկայացումները: Ամեն դեպքում, ինչ-որ բան տեղի է ունենում: Այս պայմաններում, երբ իսկապես, ոչինչ պարզ չէ, ստեղծագործությամբ զբաղվողները գնահատելի են:
«ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ ԵՄ, ԹԵ ԻՆՉ ԵՄ ԽԱՂՈՒՄ, ԻՆՉ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»
— Դուք առաջին դերասաններից էիք, որ նկարահանվեցիք հայկական սերիալներում: Շարունակո՞ւմ եք նկարվել, թե՞ սպասում եք հարմար առաջարկի:
— Այո, ես առաջիններից էի, երբ նկարահանվեցի սերիալներում: Այն ժամանակ դեռեւս շատ անհայտ ժանր էր սերիալը, եւ այսօրվա շատ դերասաններ, ովքեր հաճույքով խաղում են սերիալներում, այն ժամանակ հարկ չէին համարում, կամ վախենում էին նկարահանվել, որովհետեւ իրոք ռիսկային էր մասնակցել նման նախագծերում: Ես հիմա էլ եմ պատրաստ լավ առաջարկների, սակայն, ինչպես միշտ, ուշադիր եմ առաջարկների նկատմամբ: Այսինքն՝ մինչ նկարահանման հրապարակ մտնելը, աշխատում եմ նախ ճշտել` ինչ նախագծի մեջ եմ մասնակցելու, որովհետեւ, արդեն ասացի, ինչպես իրականությունն է խեղաթյուրված, այնպես էլ սերիալներում կա շատ խեղաթյուրված իրականություն, որը ոչ մի կապ չունի մեր իրականության հետ: Եվ դա վաղուց նկատելի էր ու կասկածի տեղիք էր տալիս՝ ինչի՞ համար են ստեղծվում այնպիսի նախագծեր, այնպիսի սյուժեներ եւ սցենարներ, որոնք, կարծես, ուզում են հատուկ ցույց տալ մեր հասարակության բացասական կողմերը: Ստեղծում են մի ազգի նկարագիր, որը իրավունք չունի խոսել վեհ գաղափարներից, ունենալ իրավունքներ, քանի որ նա այսպիսին է: Կարծում եմ՝ այս ամենը, ինչը տեղի է ունենում հիմա մեր երկրում, դրա արտացոլանքն է: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց այդ սերիալները գուցե ժամանակակից պատմագրությունն են, որը գուցե, որոշ ժամանակ հետո, կամ հիմա էլ, որ նայում ես, ազգի նկարագիրը դրանով ես տեսնում: Իհարկե, խորացողը կհասկանա, որ սա իրականությանը չի համապատասխանում, բայց մակերեսորեն դիտարկում անողի համար այս սյուժեները նայելով՝ կարող է պատկերացնել… Ու լավ բան չի պատկերացնի հայ ժողովրդի մասին: Շատ եմ ցանկանում հիշեցնել Սոս Սարգսյանի հարցազրույցներից մեկը, որ դերասաններին էր դիմում եւ ասում. «Այդ ի՞նչ եք խաղում: Այդ կերպարը, որ խաղում եք՝ քեռուդ կամ հորեղբորդ նմա՞ն է, քեզ նմա՞ն է: Իհարկե՝ ոչ»: Այդ պատճառով, դեռ այն տարիներից՝ Սոս Սարգսյանի խորհրդից ելնելով, շատ ուշադիր եմ, թե ինչ եմ խաղում, ինչ եմ ներկայացնում:
— Կարծում եք՝ սերիալային մշակույթը մեր իրականությունից պետք է դո՞ւրս մղվի:
— Ընդանուր առմամբ, սերիալը վատ բան չէ: Արդեն բոլորս գիտենք, որ այսօր աշխարհում շատ հաճախ ավելի լավ սերիալներ են նկարվում, քան` ֆիլմեր: Մերօրյա իրականության մեջ լավն այն է, որ հարթակներն են շատանում, որտեղ մարդիկ ուզում են նոր բաներ անել: Այսինքն՝ բացի հեռուստատեսությունից, առաջացել են ֆիլմ դիտելու հարթակներ, եւ հիմա հույսը դրանց վրա է, որ մրցակցությունը շատանա, ինչի արդյունքում բյուջե տրամադրվի, եւ ստեղծվեն նոր, հետաքրքիր, մրցակցային սերիալներ: Ես ինքս էլ փորձեցի մի անգամ սերիալ նկարել, որը կոչվեց «Երկրորդ կյանք»: Կարող եմ ասել, որ ստացվել է: Իմ թեման բժշկական մելոդրամա էր, եւ ասեմ, որ որակյալ սերիալն ունի իր հանդիսատեսը՝առանց այդ գողական կամ մաֆիա ներկայացվող թեմաների: Փորձս ինձ թույլ է տալիս ասել, որ որակյալը պահանջարկ ունի:
«ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԴԵՐԱՍԱՆ ՍԻՄՈՆ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ»
— Նոր սերունդը մեր օրերում ամեն կերպ փորձում է ակտիվ ներկայանալ թե՛ ֆիլմերում, թե՛ սերիալներում: Որպես փորձառու դերասան՝ ինչպե՞ս կգնահատեք որակը:
— Երիտասարդ սերունդը միայն շահած դուրս կգա այն ժամանակ, երբ իր մասին խոսի, նկարահանի այնպիսի թեմաներ, որոնք իրեն են դուր գալիս, չընկնի սուտ պահանջարկի հետեւից, չհավատա այն մտքին՝ որ միայն բացասականը պահանջարկ ունի, եւ շատ կնկարի ու քանակի հետ որակ կգա: Նոր հարթակներ բացվելով՝ կլինի բազմաժանրություն, ամեն մեկն իր արտահայտվելու տեղը կունենա: Մի խոսքով, քանակ է պետք, եւ այդ քանակի մեջ երիտասարդությունն իրեն ցույց կտա իր լավ կողմերով: Հույսը երիտասարդությունն է եւ նրանց աշխատանքները, որովհետեւ երիտասարդները միշտ թարմություն են բերում, սեփական մտածելակերպ: Որպես կանոն` այն նոր միտք է լինում, քանի որ երիտասարդ սերունդը նորովի է ստեղծում ամեն բան: Նույնն էլ վերաբերում է սերիալային մշակույթին: Այնպես որ, հուսանք՝ ամեն բան լավ կլինի, թեկուզ քանակի հաշվին:
— Ի՞նչ նոր դերեր եւ ծրագրեր ունեք: Ի՞նչ սպասի Ձեր հանդիսատեսը:
— Նոր ծրագրերս, որոնք կապված են թատրոնի հետ, հստակ են: Իհարկե, ես մտածում եմ էլ ինչ կարելի է նկարահանել, բացի իմ բիզնես նախագծերից, որը իմ՝ « 22 Փռոդաքշն»-ն է եւ նկարում է կոմերցիոն նախագծեր, բայց ստեղծագործական նախագծեր այս պահին չունեմ: Ամենը կապված է թատրոնի հետ: Սպասում ենք աշխարհահռչակ ֆրանսահայ դերասան, սցենարիստ, ռեժիսոր Սիմոն Աբգարյանին, ով մյուս ամիս պետք է նոր ներկայացում սկսի Համազգային թատրոնում, եւ ես էլ այնտեղ զբաղվածություն ունեմ: Շատ հետաքրքիր պիես է, կոչվում է «Պենելոպա»: Մեկ ամիս առաջ մեկ շաբաթվա փորձ ունեցանք նրա հետ, ստացանք դերերն ու հիմա ինքնուրույն աշխատում ենք տեքստերն անգիր անել եւ ընթերցանության հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում: Մայիսին Սիմոն Աբգարյանը կվերադառնա, եւ կարծում եմ՝ մեկ-երկու ամսից առիթ կընձեռվի թատերասեր հասարակությանը նոր ներկայացում դիտելու:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ