Տնտեսական անկումից մինչև սոցիալական դժգոհություն. ո՞ւր է նայում կառավարությունը, պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը
Ներքաղաքական
Հայաստանի տնտեսության իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է։ Սա ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության թուլացման, այլև կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքն է։
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով նվազում է։ 2025-ի փետրվարին (պաշտոնապես հրապարակված ամենավերջինը փետրվարի տվյալներն են) տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է ընդամենը 1.5%, այն դեպքում, երբ անցյալ տարվա փետրվարին, օրինակ, այն 17.2% էր։ 2025թ. հունվար-փետրվար ամիսների կուտակային ՏԱՑ-ը (4.1%) 3.5 անգամ ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արդյո՞ք այս ցուցանիշները բավարար ազդակ են կառավարությանը՝ գիտակցելու համար, որ իրավիճակը պահանջում է հիմնարար մոտեցումների վերանայում:
Արդյունաբերության ոլորտի անկումն արդեն սպառնում է դառնալ համակարգային։ Եթե 2024թ. նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճն ապահովվել էր ոսկու վերաարտահանման գործընթացի միջոցով, ապա 2025-ին այդ արտածին գործոնի չեզոքացումը տնտեսության մեջ խոր անդունդ է ստեղծել: Ռուսաստանից ոսկյա զարդերը ներմուծվում էին Հայաստան, այնուհետև դրանց մի մասը՝ որպես կիսաֆաբրիկատ, որոշակի վերամշակում անցնելուց հետո, որպես հայաստանյան արտադրանք՝ արտահանվում էին արտերկիր (հիմնականում՝ ԱՄԷ և Հոնկոնգ)։
Վերջին շրջանում այս արտածին գործոնի ազդեցությունը գրեթե ամբողջությամբ չեզոքացել է։ Այն, ինչ կարելի էր կանխատեսել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էին ոլորտի փորձագետները և ինչին կարող էր կառավարությունը պատրաստվել, անտեսվեց, ու արդյունքը դարձավ ոլորտի 26.6% անկման պատճառ (փետրվարի տվյալներով): Հունվարին ևս անկում էր արձանագրվել, սակայն փետրվարին անկումը շեշտակիորեն խորացել է՝ ավելի քան 2.5 անգամ։ Էլ չասած, որ անցյալ տարվա փետրվարին արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր վիթխարի՝ 37.3% աճ։
https://168.am/2025/04/10/2198162.html