Նախկին պաշտոնյաններով լի «ընտանիք», որտեղ խեղված ճակատագրեր են սրբագրվում. Սերը, կրթությունը ու ժպիտը ճաղերից այն կողմ

Դատապարտյալների հանդեպ հասարակության վերաբերմունքը երբեք էլ միանշանակ չի եղել: Միևնույն ժամանակ, միշտ էլ հետաքրքիր է, թե ինչպես են ապրում ճաղերից այն կողմ գտնվող մարդիկ, հավատում են արդյոք իրենց կյանքում որևէ մեկին ու ինչի են սպասում: Օրինակ, ինչպե՞ս են ապրում խաթարված ճակատագրերով, կյանքի տարբեր, բայց միեւնույն ժամանակ նմանօրինակ պատմություններով անազատության մեջ գտնվող նախկին պաշտոնյանները, ուժային համակարգում ժամանակին տարբեր պաշտոններ զբաղեցրած, այժմ դատապարտյալի կամ կալանավորի կարգավիճակում «Վարդաշեն» ՔԿՀ-ի փակ դռներից այն կողմ։ Դեպի խցեր տանող երկաթյա հսկա դուռը արդարացրեց ֆիլմերից ու գրքերից մնացած սպասելիքներս, բարձր առաստաղով միջանցքը, որտեղ լույսի միակ աղբյուրը էլեկտրականությունն էր ճնշում էր անտեսանելի սառնությամբ, բայց դա միայն առաջին մի քանի վարկյաններում։ Որովհետեւ ՔԿՀ-ում շրջայցից մի քանի րոպե անց անէացավ անտեսանելի սառնությունը ու լույսի ալիքը տարածվեց միջանցքում, երբ նկատեցինք լայն ու ընդարձակ զբոսանքի վայրը, ծաղկած ծառերը, գրքերով լի պահարանները, գունավոր նկարները, համակարգիչները եւ հաշվապահական հաշվառում ուսանող սյունեցի դատապարտյալներին, նախկին զինվորականներ՝ 45-ամյա կապիտան Արման Մալինցյանին եւ 43-ամյա մայոր Կ․ Միքաելյանին։
45-ամյա Արման Մալինցյանը պահեսազորի սպա էր, 44-օրյա պատերազմից հետո հետո, սակայն, փոխվեց նրա կյանքի ընթացք՝ հայրենիքի պաշտպանը դարձավ ապօրինի զենք-զինամթերք իրացնող եւ դատապարտվեց երեք տարի 3 ամիս ազատազրկման, որից մեկ տարի մեկ ամիսն արդեն կրել է։ Արման առաջին, ու ինչպես ինքն է ասում վերջին դատվածությունն է․
-Ընդունել եմ ինձ մեղսագրվող արարքը, զղջացել եմ, եթե հիմա հարցնեք, թե ինչու նման անօրեն ճանապարհով գնացի չեմ կարող պատասխանել, որովհետեւ ինքս էլ չեմ կարողանում ինձ հասկանալ ու ներել։ Երբեք չեմ մտածել, որ մի օր կհայտնվեմ անազատության մեջ, ու կդասվեմ շարքային հանցագործների շարքում, բայց, փաստորեն ճիշտ է հնուց եկած ասույթը՝ երբեք մի ասա, երբեք․․․
«Վարդաշեն» ՔԿՀ-ում եմ դեկտեմբեր ամսից ու հենց այստեղ՝ այս ամիսների ընթացքում հասկացա ազատության իրական գինն ու արժեքը։ «Վարդաշեն» ՔԿՀ-ն տարբերվում է մյուս ՔԿՀ-ներից, այստեղ պատիժ են կրում ուժային կառույցի նախկին չինովնիկներ, զինվորականներ, որոնք անցել են հարուստ կյանքի փորձ ու կյանքի ինչ-որ մի փուլում, ցավոք, փողի փայլի գայթակղությանը չեն դիմացել ու դարձել մեկը մեզանից։ Այստեղ բոլորս մի մեծ ընտանիք ենք դարձել, որոնց կապում է մեկ ընդհանուր բան՝ օրենքից դուրս ապրելու վճարման գինը։ Ճիշտ է, ինչպես բոլոր ընտանիքներում մեզ մոտ էլ երբեմն խցակիցների միջեւ անհասկացվածություններ լինում են, լինում են տարաձայնություններ, բայց հաջորդ վարկյանին հասկանում ենք, որ կյանքը առանց այն էլ մեզ շատ ցավոտ է ապտակել, էլ միմյանց ցավեցնելն ու ապտակելը առանձնապես ցավ չի պատճառում։
Բանտային տխուր առօրյաին, անցյալի սխալների ամենօրյա ուրվականներին հաղթում ենք մեր լավատեսությամբ ու ապագայի հանդեպ նորովի պատկերացումներով։ Իսկ ապագայում կյանքին նորովին նայելուն օգնում է վերասոցիալակացման ծրագիրը, պետությունը այս կերպ փորձում է մեզ ապացուցել, որ մենք այդքան էլ վատը չենք, որ ուղղվելը երբեք էլ ուշ չէ։ Ինքս հեռու լինելու համակարգչային գիտելիքներից այսօր, եթե չչափազանցնեմ պրոֆեսիոնալ հաշվապահական հաշվառման մասնագետ եմ դարձել։ Սա ոչ միայն մեզ պիտանի զգալու, այլ ապագայում նոր պատկորացումներով կյանքին նայելու հնարավորություն է տալիս, հասկանում ենք, որ մենք էլ կորսված մարդիկ չենք, որ Աստված մեզ նոր մարդ դառնալու հնարավորություն է տվել, որից հրաժարվելը առնվազն տգիտություն կլինի։
43-ամյա Կ․ Մ-ն էլ 20 տարվա զինվորական է՝ կոչումով մայոր, ասում է մի քանի ամիս էր մնացել, որ փոխգդապետի կոչում ստանա, բայց 150 հազար դրամ կաշառք վերցնելու գայթակղության չդիմանալու հետեւանքով այսօր զրկվեց ոչ միայն փոխգնդապետի պատվավոր կոչումից, այլ նաեւ անչափահաս երեխաներին ու ծեր ծնողներին տեսնելու հնարավորությունից։ «20 տարին ՊՆ-ում եմ աշխատել, այդ տարիների ընթացքում անգամ նկատողություն չեմ ստացել, ամբողջ աշխատասենյակս պատվոգրերովս էին ողողված, այնպիսի մեդալ էի ստացել, որ միայն զորքերն էին ստանում, բայց ես լինելով զինկոմիսարիատների համակարգում արժանացել նման պատվի, բայց 150 հազար դրամի փայլը ու ընտանեկան ծանր վիճակս նպաստեցին, որ շեղվեմ օրենքից , որի համար ինձ չեմ ներում։ Չեմ ներում, որ 20 տարվա սպայիս աշխատանքս այդկերպ ջուրը լցրեցի։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

