«ԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐԸ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ
Սպորտ
Վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը բրոնզե մեդալ են նվաճել Արայիկ Թոփալյանը և Վիգեն Նազարյանը։ Թոփալյանը 55 կգ քաշային կարգում հանդիպել է թուրք Մեհմեդ Սարփին ու հաղթել բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով։ Իսկ Վիգեն Նազարյանի մրցակիցը Շվեդիայի ներկայացուցիչը, հրաժարվել է մասնակցել։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է բրոնզե մեդալակիր, պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, Երիտասարդների Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
- Հանդես եկա 87 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում 7։0 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս։ Ճիշտն ասած, չկար որևէ լարվածություն, քանի որ շատ վստահ էի իմ ուժերի վրա։ Հաջորդ գոտեմարտում ափսոս զիջեցի Ֆրանսիայի ներկայացուցչին։ Սմփոփիչ գոտեմարտում մրցակիցս Շվեդիայի ներկայացուցիչն էր Համզա Սերլանլին, նա վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցել ինձ հետ գոտեմարտին։ Այդպես ես նվաճեցի բրոնզե մեդալ։ Որպես բարդ գոտեմարտ կարող եմ առանձնացնել առաջինը ադրբեջանցու հետ պայքարը։ Շատ ուրախացա, որ կարողացա հաղթել։ Բնական է, մրցում էի մեզ համար թշնամի երկրի ներկայացուցչի դեմ։ Կաշխատեմ շտկել սխալներս, որպեսզի հաջորդ մրցաշարում ավելի լավ կարողանամ հանդես գալ։ Անձնական մարզիչս Տիգրան Սահակյանն է, շատ շնորհակալ եմ նրան։
- Վիգեն, իսկ հետագա ծրագրերը որոնք են։
- Սեպտեմբերին կլինի մեծահասակների Աշխարհի առաջնությունը, երազանքս է, որ կարողանամ հաղթել։ Մինչ այդ, Երևանում կլինի նաև Բենուր Փաշայանի անվան մրցաշարը։
- Շնորհակալություն, Վիգեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ






