Այս պարտության առաջին պատասխանատուն ես եմ. Անչելոտին` «Արսենալի» դեմ խաղի մասին
Սպորտ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալից» կրած 0:3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։
«Իհարկե, այս պարտության առաջին պատասխանատուն ես եմ, կասկած չկա։
Մեկ ժամ մեր խաղում ամեն ինչ կարգին էր, իսկ հետո թանկ վճարեցինք՝ երկու անգամ բաց թողնելով տուգանայից հարվածներից հետո։ Վերջնամասում մենք չդրսեւորեցինք անհրաժեշտ հոգեբանական տրամադրվածություն։
Երկրորդ խաղակեսում ոչինչ չստացվեց։ Մենք ձգտում էինք անհատական գործողություններով վերադարձնել կորցրածը, բայց դա մեր դեմ աշխատեց, քանի որ կորցրեցինք կազմակերպումը։ Դրա հետեւանքով մրցակիցն ավելի լավ էր վերահսկում գնդակը եւ խաղի ընթացքը։
Ծանր պարտություն է։ Հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը չնչին է, բայց մենք կձգտենք դրան։ Պետք է ճիշտ արձագանքել վատ խաղին։ Տեսնենք, թե ինչ կստացվի անել մինչեւ պատասխան խաղը։ Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 16-ին։