Սիրելի երիտասարդներ, եղեք զգոն. Հենրիխ Դանիելյանը զգուշացնում է

«Հարգելի հայրենակիցներ, սիրելի երիտասարդներ,
Այսօր Հայաստանում երիտասարդը հաճախ հայտնվում է բազում որոգայթների ու վտանգների մեջ և ստիպված է միայնակ հաղթահարել դժվարությունները՝ պետական կանխարգելիչ ինստիտուտների բացակայության կամ թերի աշխատանքի հետևանքով։ Անկախ խնդրի մեծությունից՝ երիտասարդը հաճախ մնում է մենակ ու անօգնական։ Սկսած դպրոցում բուֆետում ծախսված վերջին գումարից, որը նախատեսված էր երթուղայինով տուն վերադառնալու համար, մինչև առավել լուրջ ու խորքային մարտահրավերներ՝ հոգեբանական ճնշում, տարբեր աղանդավորական շարժումների ներգործություն, որոնք նպատակ ունեն հեռացնել երիտասարդին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց՝ տանել կեղծ միսիոնարության, հոգևոր ու ֆիզիկական ստրկացման, ինքնության կորուստի և ազգաքանդ մտայնության ուղով։
Սիրելի երիտասարդներ, եղեք զգոն։ Այս մորմոնական հոսքերը կամ այլ նմանատիպ աղանդավորական շարժումներ կեղծ քարոզչություն են, որոնք սողոսկելով մեր տեղեկատվական տարածք՝ նպատակ ունեն խեղաթյուրել հայեցի ինքնությունն ու արժեհամակարգը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր պետականության հիմնասյուներից մեկն է, և սրբազան պարտքն է յուրաքանչյուր հայի՝ այն պահել և պաշտպանել։
Կոչ եմ անում պատկան մարմիններին՝ լրջորեն զբաղվել երիտասարդների հոգևոր ու ֆիզիկական անվտանգության հարցերով, վերահսկել և կանխել նմանատիպ հոսքերի տարածումը։ Հայաստանի տեղեկատվական միջավայրը պետք է զերծ պահել նման վտանգավոր քարոզչությունից», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։




