Օկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի սահմանապահ է պայթել
Միջազգային
Ադրբեջանցի սահմանապահ Ասկեր Մուսաևը մահացել է օկուպացված Ջրականի շրջանում ականի պայթյունից, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հաղորդվում է, որ միջադեպը հետաքննվում է Պետական անվտանգության ծառայության և զինդատախազության կողմից։
Նշենք, որ վերջին օրերին ականների պայթյունի մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունները հաջորդում են ավելի վաղ հնչեցված պահանջին, թե իբր Հայաստանը պետք է ականապատ տարածքների «ճշգրիտ քարտեզները» փոխանցի Բաքվին։
Այս անհեթեթ պահանջին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտարարել էին, որ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։
Երեկ՝ ապրիլի 6–ին, Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն տարածեց՝ կոչ անելով միջազգային հանրությանը «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին, իբր, ականների հետ կապված միջադեպերի պատճառով։