Նիկոլը երեւի ստիպված կլինի «գցել» Եվրոպային
Վերլուծություն
Գնալով ավելանում են միանգամայն լուրջ փաստերն այն մասին, որ Թրամփն իրոք հետաքրքրված է ուկրաինական պատերազմից հնարավորինս շուտ ձեռքերն ազատելու հարցով (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=309498&l=am): Նման միանգամայն ծանրակշիռ փաստարկ է օրերս մի շարք աղբյուրների կողմից շրջանառության մեջ դրված ԱՄՆ-ի թրամփյան ռազմական դոկտրինը: Ըստ այդմ, արտաքին ուղղություններում Պենտագոնի հիմնական ջանքերը տեղափոխվում են չինական ուղղություն՝ կենտրոնանալով Թայվանի հատվածում: Դրանից զատ, հիմնական խնդիր է համարվում ներքին հարցերը՝ միգրանտներ, սահմանների պաշտպանություն եւ այլն:
Այն, որ տարածված այդ փաստաթուղթը գոնե Պեկինը ռեալ է համարում, հուշում է այն, որ չինացիները չհապաղեցին որոշակի պատասխաններ հղել Վաշինգտոնի ուղղությամբ: Այդ թվում՝ տնտեսական-ռազմավարական բնույթի, քաղաքական եւ այլն: Միաժամանակ Չինաստանն արտգործնախարարի մակարդակով սկսեց հիշեցնել Ռուսաստանի հետ սերտ ռազմական համագործակցության մասին՝ ասելով, թե Թրամփը չէ, որ կարող է այդ կապերը խաթարել:
Այսպիսով, եթե համարենք, որ իրականում էլ Թրամփն ԱՄՆ-ի ուժային ծանրության կենտրոնը փորձելու է արագորեն տեղափոխել ասիական տարածաշրջան, դա նաեւ մեր ուղղությամբ է կարեւոր դիտարկումների հնարավորություն տալիս: Ամենակարեւորը՝ խոսակցությունները, թե ԱՄՆ-ն այսօր-վաղը մեծ պատերազմի մեջ է մտնելու Իրանի հետ, ինչպես քանիցս ենթադրել ենք, էլ ավելի են կորցնում իրատեսականությունը: Սպառնալիքներ՝ միգուցե, մանր ռազմական բախումներ, ասենք հուսիթներին լոկալ հարվածների տեսքով, դա էլ է իրողություն: Բայց մեծ պատերազմի հավանականությունը դառնում է չնչին: Այն պարզ իմաստով, որ Մերձավոր Արեւելքում մասշտաբային պատերազմի գնալով, Թրամփն այս տարածաշրջանում տարիներով «խրվելու» լուրջ ռիսկի է գնում: Իսկ այդ ընթացքում Չինաստանը կարող է դառնալ լիովին անհասանելի:
Եվ մյուս կողմից. եթե Իրանը կարողանա ներկա խառը իրավիճակից դուրս գալ առանց կորուստների, ապա դա միայն կբարձրացնի Թեհրանի կշիռը, թե՝ դեմ գնաց ԱՄՆ-ին, եւ վերջինս նահանջեց: Եվ որպես բխող հետեւանք, ամրանում է նաեւ ռուս-իրանական առանցքը, որը, իհարկե, շարունակելու է ազդել առաջին հերթին հարավկովկասյան տարածաշրջանում տրամադրությունների վրա:
Բայց անցնենք Հայաստանին: Այն, որ ներկայացված միանգամայն սպասելի իրողությունները լուրջ հարված են նաեւ մեր երկրում շրջանառության մեջ դրված «դեպի Արեւմուտք» սցենարին, դա միանշանակ է: Հանրային մակարդակում այն, որ այդ «գաղափարը» ռեալ աջակցություն չի գտնում, ինչպես նախօրեին ներկայացնելու առիթ ունեցել ենք, հիմնավորեց նաեւ Գյումրիի ընտրությունները, որտեղ իրար գլխի հավաքված արեւմտամետների դաշինքը լուրջ պարտություն կրեց: Այն կարգի, որ դա ակամա խոստովանում է նաեւ դաշինքի ցուցակային լիդեր Լեւոն Բարսեղյանը՝ հայտարարելով. «Հարցը 2 մանդատ ունենալ-չունենալը չէ, հարցն այն է, թե գյումրեցին ինչ է նախընտրում, պլյուս –մինուս մի քան ձայնը ոչինչ չի փոխի»: Իհարկե, տրամաբանություն կա. հանրության ընդամենը 2 տոկոս ձայնն է տրվել «դեպի Եվրոպա» գաղափարին, որը եթե անգամ դառնա 5-10 տոկոս, էլի կնշանակի, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն առնվազն հրապուրված չէ այդ կոչերով:
Բայց սրանով հանդերձ, արեւմտամետները մեկ այլ խնդրի առաջ եւս հայտնվում են այս փաստով: Արեւմտամետ ձայների նման քանակը նաեւ Նիկոլի համար է լուրջ ահազանգ: Նա ակնհայտորեն ունի վարկանիշային առավել քան լուրջ խնդիր, եւ հիմա, եթե շարունակում է ժողովրդի ընդամենը 2 տոկոսի կողմից աջակցություն ունեցող «դեպի Եվրոպա» կուրսը, կարող է վերջնականապես տեղավորվել հենց այդ «2 տոկոսի վարչապետ» տրամաբանության մեջ: Իսկ դա էլ ավելի մռայլ պատկեր է հաղորդելու ամենաուշը գալիք տարի վերարտադրվելու նրա ծրագրերին: Այսինքն, որ ներկա իրողությունները կարող են Նիկոլին բառացիորեն ստիպել՝ վերջնականապես հետ քաշվել արեւմտյան, ավելի կոնկրետ՝ արդեն ընդամենը եվրոպական ուղղությունից, դառնում է միանգամայն հավանական տարբերակ: Հաշվի առնելով նաեւ, որ այդ ուղղությունն այդպես էլ նրան որեւէ ռեալ բան չտվեց: Խոստանում էին «խաղաղության պայմանագիր», հիմա դա ձախողման եզրին է: Խոստանում էին տարաբնույթ աջակցություն, հիմա Եվրոպան ինքն աջակցության կարիք ունի, եւ այսպես շարունակ:
Նման է, որ Եվրոպայում եւս հասկանում են, որ կարող են Նիկոլին վերջնականապես կորցնել: Ամեն դեպքում, դա հուշեց նաեւ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի հայաստանյան այցը, որի ժամանակ նա խոստումների հարցում «քծիբություն» չարեց: Թե՝ «Ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում, որպեսզի Հայաստանը կարողանա իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»: Թե պետք է «խաղաղության համաձայնագիրը» ստորագրել: Գնաց-հասավ այնպիսի ցնցող գաղափարների, թե՝ Հայաստանը կարող է Եվրոպային էլեկտրականություն մատակարարել եւ այլն: Ապա, թե «կանաչ էներգիա» է պետք զարգացնել, եւ այդպես շարունակ:
Թե որն է իմաստը, դժվար չէ հասկանալ. Նիկոլին պետք է «անցանկալի քայլերից» հետ պահել, ինչն արդեն միայն Մակրոնով անելը դժվար է:
Միայն թե Շտայնմայերը, իհարկե, ստում է իր այդ բազում խոստումներով. Եվրոպայում միայն ծիծաղում են Նիկոլի «Խաղաղության խաչմերուկի» վրա, համենայնդեպս՝ այն զրո հետաքրքրություն ունի: Ճիշտ է, նա այստեղից մեկնեց Բաքու, սակայն մեկ է, այնտեղ հաստատ «խաղաղության պայմանագիր» ասվածը մեկ քայլ անգամ առաջ տանել չի կարող: Հաշվի առնելով նաեւ, որ սույն «գերմանուաղվեսը» դեռ տեղ չհասած, Բաքուն նրա հետ կապված բողոքի նոտա հղեց Գերմանիային:
Կարճ ասած, այս պահին Եվրոպան ակնհայտորեն Նիկոլի վրա ազդելու ռեալ գործիքներ չունի: Չէ, կոմպրոմատների փաթեթներ, ենթադրելի է, որ կան: Բայց դե կոմպրոմատներ հաստատ ռուսներն էլ կունենան…