Վրաստանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ամերիկյան տարբերակը
Միջազգային
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ամերիկյան տարբերակը, հայտնում է Sputnik.Georgia-ն։
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Այն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի օրենսդիր մարմնի կայքում հրապարակվելուց հետո։
Մարտի վերջին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սահմանադրական դատարանից հետ է կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայցը, որը ներկայացրել էր պետության նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին։
Խոսքը Վրաստանի խորհրդարանի կողմից 2024 թվականի մայիսին ընդունված օրենքի մասին է։ Փաստաթղթով առաջարկվում էր ստեղծել արտասահմանյան աղբյուրներից գումարներ ստացող ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների ռեգիստր։ Ցուցակում նախատեսվում էր ընդգրկել իրավաբանական անձանց կամ լրատվամիջոցների, որոնց եկամուտը գոյանում է արտաքին ֆինանսավորումից՝ ավելի քան 20 տոկոս։ Օրենքը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա։
Օրինագծի քննարկումն ուղեկցվել է բողոքի ցույցերով։