Ծայրահեղ վիճակում ենք, մենք էլ կորցնելու բան չունենք. Անաստաս Իսրայելյան
ՏեսանյութերԵրեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն էին՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական եւ այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման վերաբերյալ գործադրված ջանքերը, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը: Հանրահավաքը նախաձեռնել էր «Հանուն Արցախի միավորում»-ը, որի կազմում ներառված են արցախյան ու հայաստանյան տասնյակ հասարակական կազմակերպություններ ու հանրային գործիչներ: Ելույթ ունեցողները շեշտում էին՝ թեպետ հանրահավաքը սոցիալական բնույթի է, բայց ստամոքսի կռիվ չէ ու ամեն պահի կարող է ստանալ քաղաքական բնույթ, եթե կառավարությունը չարձագանքի իրենց պահանջին: Այն է՝ ապրիլից չդադարեցնել «40+10» աջակցության ծրագրերը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին` արցախցիների բռնի տեղահանությունից հետո, ՀՀ կառավարությունը որոշել էր բնակարանի վարձակալության եւ կոմունալները վճարելու համար ամսական 40 հազար +10 հազար դրամ սոցիալական աջակցություն տրամադրել արցախցիներին։ Ապրիլի 1-ից կառավարության որոշմամբ թե՛ աջակցության գումարն է քչանալու, թե՛ շահառուների թիվն է խիստ կրճատվելու: Բնակարանային հարցերը չլուծած արցախցիներն ասում են՝ սա ուղիղ ճանապարհ է` իրենց տանիքից զրկելու: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԻՑ»
— Հանրահավաքի ավարտին, երբ հայտարարվեց, որ երկու շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը, որպեսզի արձագանքի ներկայացված 12 կետանոց պահանջագրին, ակնհայտ էր, որ ներկաների շրջանում կրքեր բորբոքեց, ինչից հետո էլ նոր որոշում կայացվեց` Ազատության հրապարակում վրան տեղադրելու եւ հանրահավաքը նստացույցով շարունակելու վերաբերյալ: Ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ ի սկզբանե կազմակերպիչների կողմից չէր որոշվել, թե հանրահավաքի շարունակություն լինելո՞ւ է որեւէ ձեւաչափով, թե՝ ոչ:
— Նախ ասեմ, որ հանրահավաքի նախաձեռնող խմբով քննարկել ենք եւ ներկայացրել կառավարությանն ամենածայրահեղ պահանջները՝ սկսած սոցիալական հարցերից: Այսօրվա իրավիճակում արցախահայությունը զոհ է դարձել: Մենք չենք ուզում արտագաղթել, այս մեկուկես տարվա ընթացքում ոչ մի բարենպաստ պայմաններ մեզ համար չի ձեւակերպվել: Դրա համար հանրային մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում ներկա իշխանությանը: Սրանով նաեւ կոչ ենք անում արցախահայությանը տեր կանգնել իրենց իրավունքներին: Հասարակությունը, ժողովուրդը պետք է գնա իր իրավունքների եւ արժանապատվության հետեւից:
Ինչ վերաբերում է հանրահավաքին, համարում եմ, որ այն եղել է շատ բավարար, մեծաքանակ, բազմահազարանոց, հետագա քայլերն էլ արդեն ծրագրավորված է, որ մենք կսպասենք իշխանության կողմից արձագանքների: Վստահ ենք, որ իշխանությունը, որն այսքան ժամանակ անտարբեր է եղել մեր նկատմամբ կամ ոչ բավարար մոտեցումներ է ունեցել, ժամանակի ընթացքում դրական պատասխան կտա մեր պահանջներին: Մենք մնալու ենք հրապարակում, որովհետեւ եթե խոսում եք մեր իրավունքներից, պիտի պահանջատեր լինենք ու գնանք պատասխան ստանալու հետեւից: Հաշվի առնելով, որ ներկա իշխանությյունն ամեն անգամ խոստումներ է տվել, բայց ժամանակի ընթացքում չի իրականացրել, որոշում ենք կայացրել մնալ այնքան ժամանակ՝ մինչեւ մեր հարցերի պատասխանները կլինեն՝ հրապարակային կամ պաշտոնական հայտարարությամբ:
— Այս իշխանությունը, որի գլուխը՝ Նիկոլ Փաշինյանն է, նախորդ շաբաթ Ազգային ժողովում հայտարարում էր, թե «մենք չենք շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ուզում եք՝ թռեք վերեւ, ուզում եք՝ իջեք ցած»: Այսքանից հետո դեռ ինչ-որ բան կարելի՞ է ակնկալել կամ սպասել այս իշխանությունից՝ արցախցիների համար:
— Համաձայն եմ ձեր հարցադրման շեշտադրած մտքի հետ, բայց մենք` որպես կուլտուրական, նորմալ հայ ազգի ներկայացուցիչներ, այս ձեւով ենք սկսում մեր շարժումը, մեր բողոքը ներկայացնելը, որ վաղը չասեն՝ ինչ-որ մի տեղից ուղղորդված է: Նորից ենք ասում`ունեք հնարավորություն` ձեր բացթողումները, ձեր մեղքերը մեղմացնելու: Լսեք ժողովրդին, թե ինչ է ուզում, ոչ թե նրանց, որոնք պատմական սխալ, դավաճանական որոշումներ են կայացրել: Մենք մեր ձայնն ենք բարձրացնում նաեւ, որ իշխանությունը չկարծի, թե ինքնագլուխ որոշումներ կայացնելով` կարող են ազգի ճակատագիրը որոշել: Մենք տեր ենք կանգնելու մեր իրավունքներին: Մենք իրավունք ունենք մայր Հայաստանում ապրելու՝ մինչեւ կգա մի բարենպաստ ժամանակ, որպեսզի կարողանանք վերադառնալ մեր սուրբ Արցախը:
«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԹՈՂՆԵԼՈՒ, ՈՐ ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳԻ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՈՐՈՇԵՆ ԱԶԳԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ»
— Ժամանակին «Ղարաբաղ» կոմիտեն ձեւավորվեց, ապա Արցախյան շարժումը սկսվեց ընդամենը մի էկոլոգիական շարժումով: Սա էլ իր բնույթով սոցիալական շարժում է, հնարավո՞ր է, որ այն վերածվի արցախյան երկրորդ շարժման:
— Մենք ծայրահեղ իրավիճակում ենք: Մեր նկատմամբ ինչպիսի մոտեցում կլինի, ինչպիսի պատասխան կտրվի մեզ, սրանով էլ պայմանավորված է լինելու մեր հետագա գործողությունները: Մենք կորցնելու բան չունենք, եթե պետք լինի, գնալու ենք նաեւ ծայրահեղ քայլերի: Բա ի՞նչ անենք, եթե չենք ուզում արտագաղթել եւ ուզում ենք մայր Հայաստանում ապրել, ուզում ենք հայ մնալ, ուզում ենք մեր արժանապատվությունը բարձր պահել: Ամբողջ աշխարհը մեզ է նայում, որպես ազգ՝ մենք մի օր պիտի՞ ոտքի ելնենք եւ պայքարենք մեր արժանապատվության եւ հայ լինելու համար: Մենք խաղաղ ենք մոտենում այս ամենին, խաղաղ ենք պատկերացնում մեր գործողությունները, եւ մեր պահանջն էլ բխում է անհրաժեշտությունից, մենք ուրիշ բան չենք ասում: Ընդամենն ասում ենք՝ մի՛ արեք այնպես, որ ժողովուրդը լքի Հայաստանը, մի արե՛ք այնպես, որ «Արցախ» հասկացությունը վախճանվի: Մենք չենք թողելու: Ինչ էլ ասեն` արցախյան շարժման հետ կապված, այն ժամանակ էլ էլի ժողովուրդն է ինքնաբուխ ելել ոտքի, որից հետո գործնականում ձեւավորվել է մնացած պրոցեսների հերթականությունը: Այո՛, այսօր էլ կա դրա անհրաժեշտությունը: Ամեն մեկս գիտակցաբար պիտի հասկանանք` ինչ ենք անում եւ ինչ պիտի անենք, որ վաղվա օրը մեր ապագա սերունդը մեզ էլ չքննադատի եւ ասի` լավ, իշխանությունը եղել են այդ տիպի մարդիկ, ժողովո՛ւրդ, դուք ի՞նչ եք արել: Դրա համար երիտասարդներն էլ պետք է գան, մասնակից լինեն այս ամենին, որ ապագայում էլ կարողանան հպարտ ապրել՝ որպես հայ: Բացի այդ, ախր մենք իրավունք չունենք մեր նահատակված զինվորների, մեր հերոսների արածները ոտնահարենք: Մենք իրավունք չունենք անտարբեր մնալ եւ թողնել մի քանի հոգի ինքնագլուխ որոշումներով ազգի ճակատագը որոշեն: Դա չի լինելու:
— Ի դեպ, հանրահավաքի ժամանակ հնչած ելույթներում ուղերձներ կային նաեւ միջազգային հանրությանն ու կառույցներին: Նման կոչեր մենք լսել ենք Արցախի խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման ժամանակ, առաջ եւ հետո, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքներում նաեւ, ինչ եղավ հետո` տեսանք: Հիմա ի՞նչ կարելի է սպասել այդ նույն միջազգային հանրությունից, որը խուլ էր եւ կույր այս ողջ ընթացքում: Արդյոք սա նույնը չէ, որ Դոնբասը կամ Լուգանսկը Ռուսաստանին ապավինելու փոխարեն՝ դիմեին միջազգային հանրությանը եւ սպասեին, որ իրենց ինչ-որ մեկն օգնելու էր:
— Նույն կերպ միջազգային հանրությանը լսեցնել ենք տալիս, որ մենք կանք եւ տեր ենք մեր իրավունքներին, որպեսզի բոլոր հարթակներում, որտեղ իրենք քննարկում են մարդու իրավունքների հետ կապված կամ ազգի ինքնորոշման հետ կապված հարցեր, հաշվի առնեն: Եթե մենք լռենք, վաղն ասելու են՝ բա չեք խոսել, բարձրաձայնեիք, տեր կանգնեիք: Դրա համար ազգը պետք է համախմբվի ու միասնական ուժ ձեւավորի, որն էլ կստիպի մեզ լսեն ու հաշվի առնեն մեր պահանջները: Մենք ունեցել ենք ժամանակաշրջան, երբ այդ նույն միջազգային հանրության համար եղել ենք հաղթող կողմ, ու բոլորը մեր կողմից էին: Այդ ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ հակառակը: Այնպես որ, ամեն ինչ մեզնից է կախված:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ