«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ».ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԼԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Սպորտ
Վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ ։Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե, Կնյազ Իբոյանը արծաթե, իսկ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել նորընծա Եվրոպայի չեմպիոն, ծնունդով Վեդիից ԼԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Լևիկ, հաղթանակի առթիվ։
- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 61 կգ քաշային կարգում։ Ազգությամբ գերմանացի մրցակցիս Դարիո Դիտրիխին հաղթեցի բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով, հետո իտալացի Սիմոնե Պիրոդուին 12։1 հաշվով, ապա պարտության մատնեցի ուկրաինացի Միկիտա Աբրամովին 11։1 հաշվով։ Եզրափակչում էլ 2։1 հաշվով հաղթեցի ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։ Անչափ ուրախացա, շատ անմոռանալի զգացողություններով եմ վերադարձել Հայաստան։ Սա 23 տարեկանների պայքարում իմ առաջին մեդալն էր։ Երիտասարդների ԵԱ֊ում երկու անգամ փոխչեմպիոն եմ դարձել։ 2023֊ին ԵԱ եզրափակչում մրցակիցս նույն ադրբեջանցին էր, որտեղ 0։2 հաշվով զիջել էի։ Այդ ժամանակ ինձ փորձի պակասը խանգարեց։ Իսկ ահա այս առաջնության եզրափակչում պարտավորվածությունս շատ ավելի մեծ էր, որ ամեն ինչ պիտի անեմ նրան հաղթելու համար։ Շատ աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ դժվարանում եմ բացատրել, կարծես շոկի մեջ լինեմ։ Այս հաղթանակը շատ էր սպասված ինձ համար։ Բոլոր գոտեմարտերին մինչև վերջ հավատացել եմ ու դուրս եկել մրցագորգ միայն մի նպատակով հաղթանակով ավարտելու։ Պարգևատրման արարողության ժամանակ շատ մեծ հույզեր եմ ապրել, որ մեր եռագույն դրոշը ամենաբարձր հորիզոնականում էր գտնվում, իսկ մեր դրոշից ցածր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն էին։
- Լևիկ, նախքան եզրափակիչը երեք հաղթական գոտենարտեր անցկացրիր, որն առավել բարդ տրվեց քեզ։
- Կիսաեզրափակիչ գոտեմարտը համեմատած ավելի դժվար ստացվեց, որտեղ մրցում էի ուկրաինացի մրցակցի հետ։ Նա ևս բավականին փորձառու մարզիկ է, Եվրոպայի չեմպիոն։ Այնպես ստացվեց, որ Տիրանայում հաղթեցի երեք Եվրոպայի չեմպիոնի։
- Իսկ եզրափակիչ գոտեմարտի մասին ինչ կարող ես ասել, արդյոք կար լարվածություն, քանի որ մեզ համար թշնամի երկրի Ադրբեջանի ներկայացուցչի դեմ էիր պայքարում։
- Անկեղծ ասած, ծանոթ էի մրցակցիս, նրա գոտեմարտելու ոճին։ Հիմնականում փորձում է պասիվներով միավորներ վաստակել։ Եզրափակիչը մի փոքր լարված ստացվեց, ես էլ էի դժվարանում, քանի որ մրցակիցս փորձառու ըմբիշ էր, փորձեցի տակտիկապես հաղթել։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




