ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՔՊ-Ի ՆԵՐՔԻՆ «ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Ներքաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ի ներքին անցուդարձից ծանոթ աղբյուրի պնդմամբ, «Խաղաղության համաձայնագիր» կոչված փաստաթղթի ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարությունները շատ ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են ստեղծել: Եվ ահա, աղբյուրն այդ մասին նաեւ լրացուցիչ մանրամասներ փոխանցեց.
- Նախ` ինչքան էլ, որ կուսակցական վերնախավը փորձում է լավատեսական տրամադրություններ ներշնչել, որքան էլ ընդհանուր պատկերը հանդարտ է թվում, այդ տրամադրությունները ոչ միայն չեն հանդարտվում, այլ գնալով խորանում է: Հասել է նրան, որ կուսակցությունում բավականին բարձր կշիռ ունեցող անձանցից մեկն ասաց, որ թեեւ շատերը, այդ թվում՝ պատգամավորների, անգամ՝ նախարարների մակարդակով փորձում են միայն լավատեսություն եւ Փաշինյանի հանդեպ հավատ ի ցույց դնել, սակայն «պատի տակի զրույցները» գնալով հուսահատական ուղղվածություն են ստանում:
Բանն այն է, որ շատերը՝ տրամաբանորեն, շատերը՝ ինտրիգային հատկություներից ելնելով, շատերն էլ՝ բնազդորեն եկել են այն մտքին, որ հենց այն պահին, երբ Փաշինյանն այդ պայմանագիրը ստորագրի, նա անմիջապես էլ կորցնում է իր քաղաքական գոյության ողջ իմաստը արտաքին ուժերի համար: Ոմանք ավելի առաջ են գնացել ենթադրություներում, թե պայմանագրից հետո անգամ Ալիեւի համար է նշանակություն կորցնելու. ստեղծվում է իրավիճակ, երբ անգամ Ալիեւի համար է ձեռնտու դառնում յուրաքանչյուր պահ ամենաանհավանական արարքների պատրաստ Փաշինյանի փոխարեն Հայաստանում կայուն ղեկավարի լինելը: Այսինքն, Փաշինյանին այդ դեպքում սպասում է զրոյական, անգամ՝ բացասական արտաքին աջանցություն, ինչպես որ ներքին հանրային աջակցություն է:
Մյուս կողմից` ՔՊ-ում նաեւ վստահ են, որ պայմանագրի ստորագրումից հետո կտրուկ կակտիվանա նաեւ ներքին ուժերը, որոնք Փաշինյանին հեռացնելու բավարար ռեսուրսներ եւ հնարավորություներ ունեն: Հիմա դա պետք չէ, ոչ մեկը չի ցանկանում նրա փոխարեն այդ պայմանագիրը ստորագրել: Բայց հենց ստորագրի, կնշանակի՝ «մավրն իր գործն արեց» եւ պետք է ժամ առաջ հեռացնել: Ու այդ ստորագրումը դրա համար հրաշալի առիթ է:
Իսկ չստորագրելն արդեն գրեթե հնարավոր չէ: Ավելի կոնկրետ, այն պահին, երբ հայտարարվեց, որ պայմանագիրը պատրաստ է, դա արդեն փակեց հետ քաշվելու, ավելին, ժամանակ ձգելու հնարավորությունը:
Եվ այդ խորացող մտավախությունները հատկապես քիչ թե շատ չափով աչքի ընկած ՔՊ-ականներին մոտ արդեն իսկ ապագայի հարցով խորը մտահոգություն է առաջացնում: Իսկ ի՞նչ անեն, եթե իրոք իրենց համար այդ վատագույն մտավախություններն իրականանան: Ոմանք կարող էին հենց այս պահին էլ լքել ՔՊ-ն, եւ պատահական չէ, որ օրակարգ բերվեց Աղազարյանին դատելու թեման. մինչեւ հեռանալը Փաշինյանը կարող է հասցնել շատ «դավաճանների» «կառափնարան ուղարկել»: Իսկ նրա հեռանալը կարող է անսպասելի լինել, ոմանք նույնիսկ մտածում են՝ SMS-ային ոճով: Իսկ այդ դեպքում արդեն «թռնել» չես կարողանա, եթե անգամ ոմանք հասցրել են դրսի մի անկյունում ռեզերվային հանգրվան ստեղծել: Ոմանք էլ սկսել են աչքի ընկնող ընդդիմադիրների հատ հարաբերություներ «լավացնելու» փորձեր անել, հուսալով, որ դա նախ՝ աճող խառնաշփոթի պայմաններում աննկատ կմնա: Երկրորդը, որ այդպիսով իրենց համար «անվտանգության բարձին» կսարքեն:
Կարծում են, որ այս ամենը գնալով, ասենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում միայն ավելի ցցուն կդառնա:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ