Հայաստանի ազգային անվտանգությունը չի կարելի զոհաբերել կեղծ կառուցողականության անվան տակ
Ներքաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը ներկայացվում է որպես «կառուցողական» եւ «հետաքրքրված» տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, իրականում պարունակում է մի շարք հակասություններ, եւ վտանգավոր մոտեցումներ, որոնք կարող են էլ ավելի թուլացնել Հայաստանի դիրքերը: Այս մասին «Իրավունքը» խոսեց «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի հետ:
-Փաշինյանը պնդում է, որ Հայաստանը միշտ բաց է եղել տարածաշրջանային հաղորդակցության համար, եւ որ Ադրբեջանն է մերժում Հայաստանի առաջարկները: Սակայն այս պնդումը անբավարար է երկու պատճառով: Եթե Հայաստանը պատրաստ է եւ առաջարկել է ուղիների բացում, ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակ մերժել։ Կա՞ իրական դիվանագիտական ու քաղաքական ճնշում, որը կստիպի Բաքվին համաձայնվել։
-Փաշինյանը պարզապես փաստում է, որ «Ադրբեջանը մերժում է», բայց չի ներկայացնում՝ ինչ քայլեր են ձեռնարկվում միջազգային հարթակներում այդ խնդիրը լուծելու համար։ Փաշինյանն ամբողջությամբ անտեսում է իր իսկ քաղաքականության հետևանքները։ 2020-ի պատերազմից հետո Հայաստանը կորցրել է ռազմավարական դիրքերը, և այսօրվա բանակցային դիրքը շատ ավելի թույլ է։ Փաշինյանը չի ընդունում, որ իր կառավարությունը, անցած տարիներին թույլ տալով անվտանգության ոլորտում խորը ձախողումներ, հիմա հայտնվել է իրավիճակում, երբ ստիպված է Ադրբեջանի ցանկություններին համապատասխան առաջարկներ անել։
-Փաշինյանի խոսքերով՝ «Մենք երբեք չենք համաձայնվել ինքնիշխանության զիջման», բայց իրականում համաձայնվել ենք եւ վերջինս մի քանի անգամ կրկնում է, որ Հայաստանը երբեք չի համաձայնել որեւէ զիջման կամ ինքնիշխանության սահմանափակման: Սակայն փաստերը հակառակն են ասում:
-Այո, Լաչինի միջանցքի հարցում Հայաստանը, գործնականում, առանց երաշխիքների հանձնեց միջանցքը, ինչը հանգեցրեց Արցախում էթնիկ զտման։ Փաշինյանի կառավարությունը անտեսեց բազմաթիվ նախազգուշացումներ և դե ֆակտո ընդունեց Ադրբեջանի պայմանները։ Արդյո՞ք «Արևմտյան Ադրբեջան» տերմինն ընդունելով՝ Փաշինյանն արդեն իսկ չի ընդունել Ադրբեջանի նարատիվը։ Այս հայտարարությունը միայն ավելի է թուլացնում Հայաստանի բանակցային դիրքերը, քանի որ Հայաստանը, փաստացի, կրկնօրինակում է Ալիևի տրամաբանությունը։
- Փաշինյանը նշում է, որ Հայաստանը պատրաստ է բացել տրանսպորտային ուղիները, ներառյալ երկաթուղին եւ խողովակաշարերը, սակայն չի անդրադառնում գլխավոր հարցին՝ ինչպիսի՞ անվտանգության երաշխիքներ ունի Հայաստանը։ Ինչպե՞ս է երաշխավորվելու, որ այս ենթակառուցվածքները չեն օգտագործվի Հայաստանի դեմ ճնշում գործադրելու կամ հետագայում տնտեսական կախվածություն ստեղծելու համար։
-Ադրբեջանը բազմիցս ապացուցել է, որ այն կոմունիկացիաները, որոնք նա պահանջում է, միայն տնտեսական նշանակություն չունեն, այլեւ ռազմավարական լծակ են Հայաստանի վրա։ Փաշինյանի կառավարությունը միամտորեն պնդում է, որ Ադրբեջանի հետ երկաթուղային կապի բացումը միայն տնտեսական հարց է, մինչդեռ պարզ է, որ այն նաեւ քաղաքական ու ռազմական հետեւանքներ կունենա։ Կեղծ կառուցողականություն՝ առանց իրական դիվանագիտական ռազմավարության Փաշինյանի կառավարությունը փորձում է ներկայացնել Հայաստանը որպես «կառուցողական» կողմ, սակայն իրականությունը պարզ է՝ Ադրբեջանը ոչ միայն մերժում է այս առաջարկները, այլեւ շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Փաշինյանը, սակայն, չի առաջարկում ռազմավարական լուծումներ, որոնք կարող են զսպել Բաքվի ագրեսիան։ Բանակցությունների արդյունավետության համար Հայաստանը պետք է ունենա նաեւ լծակներ։ Նրա ներկայացրած մոտեցումը պարզապես Ադրբեջանին դիմելու եւ խնդրելու ձեւաչափ է, առանց որեւէ իրական ճնշման կամ այլընտրանքի։ Ստացվում է, որ Փաշինյանի այս հոդվածը ոչ թե ուժեղ պետության դիրքերից արված հայտարարություն է, այլ մի փաստաթուղթ, որը ցույց է տալիս Հայաստանի խոցելիությունը։ Այս տեքստում չկան հստակ երաշխիքներ, չկան Հայաստանի համար ռազմավարական շահերի ամրապնդման մեխանիզմներ, չկա դիվանագիտական կամ քաղաքական ճնշման որեւէ գործիք։ Եթե Հայաստանը շարունակի ներկայիս միակողմանի զիջողական քաղաքականությունը, ապա մենք ոչ թե հաղորդակցության ուղիների բացման ճանապարհին կլինենք, այլ հերթական ազգային պարտության առջեւ։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ եւ կոշտ դիրքորոշում, այլ ոչ թե մշուշոտ հայտարարություններ, որոնք միայն նպաստում են Բաքվի շահերին։ Հայաստանի ազգային անվտանգությունը չի կարելի զոհաբերել կեղծ կառուցողականության անվան տակ։ Պետք է դադարեցնել զիջողական քաղաքականությունը եւ ձեւավորել իրական դիվանագիտական ու ռազմական լծակներ՝ Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ