ՀՀ օրհներգը կհնչի նաև մանկապարտեզներում և ուսուցման այլ հաստատություններում. Անդրեասյան
Հասարակություն
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո, բացի դպրոցներից և բուհերից, որտեղ արդեն իսկ գործող տարբերակով պետք է հնչեր, օրհներգը կհնչի նաև նախադպրոցական հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման հաստատություններում: Այդ մասին, այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար, հարակից զեկուցող Ժաննա Անդրեասյանը:
«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել կատարման ընթացակարգերի վերաբերյալ»,- ասաց նախարարը:
Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց՝ թեև «ՀՀ օրհներգի մասին» օրենքով նախատեսված էր, որ այն պետք է կատարվի տեքստին և երաժշտությանը համապատասխան, սակայն չկար պաշտոնական, մեկ միասնական տարբերակ, և այն իմպրովիզներով էր կատարվում:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ օրհներգն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես ԿԳՄՍՆ-ի հրապարակած պաշտոնական տարբերակին համապատասխան: