Նման ֆիլմ նկարելու համար պետք է Անդրեասյան եղբայրների պես խենթ լինել
Մշակութային
«Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմի ռեժիսոր ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ հետ: Ֆիլմը հերոսության ու մարդկային ուժի մասին է եւ նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:
ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԴԻՎԻԶԻԱՆ ԵՎ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ՏԱՆԿԵՐԸ՝ «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՒՄ
— Սարիկ Գառնիկովիչ, ինչպե՞ս ծնվեց «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմի ստեղծման գաղափարը: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց նման պատմություն ստեղծելու համար:
— Շատ տարիներ առաջ ես տեսա մի տարեգրություն, որտեղ հայ մարտիկները Ռայխստագի մոտ պարում էին Քոչարի։ Սա ինձ ոգեշնչեց մտածել ֆիլմ նկարահանելու մասին: Միտքը, որ մարտիկներից մեկը հայկական երաժշտական գործիքներով հասնում է Բեռլին, Ռուբեն Ջագինյանինն էր:
— Ֆիլմում հատուկ ուշադրություն է դարձվում երաժշտությանը՝ որպես հոգու ուժի խորհրդանիշ: Երաժշտությունն օգնու՞մ է հերոսներին հաղթահարել պատերազմի դժվարին պահերը:
— Մենք ուզում էինք պատերազմի մասին առանձնահատուկ ֆիլմ նկարահանել եւ երաժիշտների միջոցով պատմված պատմությունը դարձնում է ֆիլմն առավել տարբերվող Հայրենական մեծ պատերազմի մասին պատմող բոլոր ֆիլմերից: Երաժշտությունը ցանկացած պահի յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժանելի մասն է: Մենք բոլորս երաժշտություն ենք լսում, նույնիսկ եթե երաժիշտ չենք։ Երաժշտությունը մեր շուրջն է ե՛ւ դժվար, ե՛ւ երջանիկ պահերին։ Ու այն ինչպես արվեստի ցանկացած ճյուղ, կարող է մարդուն ավելի ոգեղեն դարձնել: Կարծում եմ, դրա համար էլ մենք ընտրեցինք երաժշտությունը՝ որպես մեր պատմության մի մաս:
— Ֆիլմի պատմությունը իրական իրադարձությունների վրա՞ է հիմնված, թե՞ գեղարվեստական է: Դրանում կա՞ն տարրեր, որոնք ոգեշնչված են վավերագրական կադրերից:
— Իհարկե, սա արվեստի գործ է, որի շրջանակներում կան բազմաթիվ պատմական փաստեր ու մանրամասներ։ Թամանյանական դիվիզիան եւ «Սասունցի Դավիթ» տանկերը դրանք իրական փաստ են, եւ շատ գործողություններ ու արարքներ վերցված են զինվորների իրական նամակներից:
«ՆԵՐՇՆՉԵՑԻ ՆՐԱՆՑ ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸ ԿՄՆԱ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
— Ֆիլմն ունի երեք գլխավոր հերոս, որոնցից յուրաքանչյուրն ունի ոչ ռազմական մասնագիտություններ: Ինչպե՞ս ընտրեցիք դերակատարներին: Ի՞նչն էր Ձեզ համար կարեւոր՝ քասթինգի ժամանակ։
— Ինձ համար կարեւոր էր, որ նրանք լավ դերասաններ լինեին, եւ ինձ թվում է, որ մենք գտանք երեք տաղանդավոր տղաների, ովքեր, ըստ էության, առաջին անգամ հայտնվեցին էկրանին եւ շատ արժանավայել դերասանական խաղ ցուցադրեցին: Ես նրանց տվեցի լիակատար ազատություն եւ ներշնչեցի նրանց այն միտքը, որ այս գործը կմնա մեր ժողովրդի պատմության մեջ։ Բոլորս էլ լավ ֆիլմ նկարելու մեծ մոտիվացիա ունեինք։ Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա ասեմ, որ դերասաններին փնտրում էին պրոֆեսիոնալ համակարգով, այսինքն՝ գործակալների եւ քասթինգի տնօրենների միջոցով։ Մեր դերասանները բոլորն էլ դերասանական բարձրագույն կրթություն ունեն եւ այժմ էլ գործող արտիստներ են։
— Ֆիլմի նկարահանումները տեւել են ավելի քան երկու տարի, իսկ նախագծի նախապատրաստումը տեւել է ավելի քան վեց տարի: Ի՞նչ դժվարություններ եւ մարտահրավերներ առաջացան այս ֆիլմի վրա աշխատելիս:
— Ցանկացած լավ եւ մասշտաբային ֆիլմ ստեղծվում է մեծ խոչընդոտներով, քանի որ իրականում, բացի ֆիլմը ստեղծողներից, ոչ ոք երբեք չի պատկերացնում դրա կարեւորությունը։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ նկարահանումները հեշտ եւ զվարճալի գործընթացներ են, բայց իրականում դա շատ ծանր աշխատանք է, որի 99%-ը կենցաղային հարցեր են, եւ շատ կարեւոր է չխեղդվել եւ չկորցնել տաղանդն ու ստեղծագործական տարրը։ Ցանկացած պատմական ֆիլմ իր մեջ ներառում է հսկայական քանակությամբ հագուստներ, սարքավորումներ եւ լրացուցիչ դետալներ: Եվ երբ դա նաեւ պատերազմի մասին ֆիլմ է, ապա նկարահանման ընթացքին նաեւ ավելանում է բացարձակապես անմարդկային պայմաններ, ինչպիսիք են ձմեռը, կեղտը եւ ցուրտը: Ընդհանրապես, առանց որեւէ մեկի աջակցության նման ֆիլմ նկարելու համար պետք է Անդրեասյան եղբայրների պես խենթ լինել:
«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ԱՐՎԵՍՏ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՒ ՀՈՒՄԱՆԻԶՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
— Ո՞րն է այն հիմնական ուղերձը, որը ցանկանում եք հանդիսատեսին փոխանցել՝ այս ֆիլմի միջոցով:
— Այն, որ աշխարհում կա միայն մեկ ազգություն եւ դա մարդն է։ Ես եկել եմ արվեստ՝ մարդկանց ավելի լավը դարձնելու եւ մարդկայնությունն ու հումանիզմը խրախուսելու համար։ Հազարավոր մարդիկ իրենց երեխաներին տարել են ֆիլմը դիտելու։ Սա է կարեւորը։
— Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Ի՞նչ եք կարծում, մեր ժամանակներում ինչո՞ւ է կարեւոր վերադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են պատերազմը վերապրած մարդկանց հերոսությունն ու խիզախությունը:
— Սա ոչ միայն հարգանքի տուրք է պատերազմում զոհված մեր հարազատների հիշատակին, այլեւ այսօրվա մարդկանց ուղեցույց է տալիս, թե ինչպիսին է եղել կյանքը, ինչ է դարձել ու կարող է դառնալ։ Մարդիկ եւ նրանց սխրանքները էկրանին մեր մեջ սերմանում են այնպիսի որակներ, ինչպիսիք են բարությունը, ոգու ուժը, հայրենասիրությունը, սերը։ Մենք այդ զգացմունքները փոխանցում ենք մարդուց մարդու: Սա է մեր գոյության առաքելությունը՝ օգնել ուրիշներին դառնալ մեզնից լավը:
«ՆՄԱՆԱՏԻՊ ՖԻԼՄԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՆ ԵՒ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՄԱՐԴ ԱՐԱՐԵՆ»
— Ֆիլմում ո՞ր տեսարանները կամ պահերն են եղել Ձեզ համար ամենահուզականը կամ դժվար իրագործվողը:
— Ֆիլմում տեխնիկապես բարդ տեսարաններ կան, ինչպիսիք են ռազմական գործողությունները: Դրանք ամենադժվարն իրականացվողներն էին։ Այն տեւում էր ամիսներ ու պահանջում երկար աշխատանք եւ նախապատրաստություն, նկարահանման շատ օրեր։ Քաղաքացիական տեսարանները հեշտությամբ նկարահանեցինք, բայց, միեւնույն ժամանակ, ամենահուզիչն էին։ Ուսուցիչ Գեւորգի պատմությունն ինձ համար առանձնահատուկ էր՝ պատերազմի ժամանակ շարադրություններ ստուգող մարդու պատմությունը: Ես համարում եմ, որ սա շատ հիանալի պատմություն է:
— Ձեր «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը շոշափում է պատմական կարեւոր իրադարձություններ, բայց, միեւնույն ժամանակ, այն բարեկամության ու միասնության մասին է: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող են նման պատմությունները ազդել այսօրվա հանդիսատեսի վրա:
— Հեռուստադիտողը մեղավոր չէ, որ նրան հաճախ ցույց են տալիս այն, ինչ պատահում է։ Տասնամյակների ընթացքում աշխարհն ընտելացրել է հեռուստադիտողին այն մտքին, որ կինոն պարզապես այն վայրն է, որտեղ նրանք ուտում են, խմում եւ երբեմն էկրանին նայում: Այսօր մարդիկ չեն սպասում, որ արվեստն իրենց հարցեր կտա ու երկխոսություն կծավալի: Դրա համար էլ «Պատերազմ եւ երաժշտություն» ֆիլմը եւ նմանատիպ ֆիլմերը պետք է գոյություն ունենան եւ մարդու մեջ մարդ արարեն։
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՐԿՈՒՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻՑ, ԲԱՑ ՓՈԽԱՐԵՆԸ ՓՐԿՈՒՄ Է ՀՈԳԻՆ»
— Դուք նշեցիք, որ ֆիլմը ոգեշնչված է հայկական «Քոչարի» պարով։ Ինչպե՞ս որոշեցիք ինտեգրել այս հատվածը սյուժեի մեջ:
— Երբ մտածեցի այս ֆիլմի նկարահանման մասին, առաջին բանը, որ որոշեցի, դա այն էր, որ եզրափակչում հայերը քոչարի են պարելու: Առանց այս պատմության՝ ֆիլմը գոյություն չէր ունենա։ Դա սյուժեի եւ սցենարի մի մասն է:
— Ի՞նչ դեր է ունեցել երաժշտությունը մարդկանց կյանքում պատերազմի ժամանակ: Երաժշտությունն ինչպե՞ս կարող է զորության աղբյուր լինել զինվորների համար:
— Ֆիզիկապես՝ ոչինչ, բայց ներքուստ մեզնից յուրաքանչյուրը մեծացել է ինչ-որ երաժշտության ներքո, կամ հիշում է որոշակի երգեր, որոնց հետ կապված կա ինչ-որ անձնական եւ կարեւոր բան: Երաժշտությունը մարդու ներսում է։ Ես միամիտ մարդ չեմ ու հասկանում եմ, որ երաժշտությունը չի փրկում փամփուշտներից, բաց փոխարենը փրկում է հոգին։
«ԱՇՆԱՆԸ ԿՍԿՍԵՄ «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ԷԿՐԱՆԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ»
— Ի՞նչ պլաններ ունեք ապագայում նման լայնածավալ նախագծից հետո: Կլինե՞ն այլ պատմական ֆիլմեր Ձեր ստեղծագործական ճանապարհին։
— Աշնանը կսկսեմ «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմի էկրանավորման աշխատանքները, իսկ հաջորդ տարի կթողարկվի Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը» մեծ հեքիաթի էկրանավորումը:
— Ի՞նչ կցանկանայիք, որ ֆիլմը դիտողները վերցնեն Ձեր «Պատերազմ եւ երաժշտություն»-ից:
— Ապրելու եւ սիրելու ցանկություն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ





