ԾՆՎԵԼ Է ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ԱԿԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ
Հասարակություն
2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմից հետո, բազմաթիվ հերոսների ծնողներ իրենց մեջ հզոր կամքի ուժ գտան և կրկին ունեցան զավակներ , որպեսզի կարողանան ապրել, ամոքել չսպիացող վերքը։ Եվ ահա, ծնվել է Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, պայմանագրային, ծնունդով Շիրակի մարզի Ամասիա համայնքից ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ եղբայրը։ Փոքրիկին, ի պատիվ հերոս եղբոր անվանակոչել են Արման։
Iravunk. com-ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Նորածնին ու ծնողներին այսօր դիմավորեցին Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանն ու աշխատակազմի գլխավոր մասնագետ Անահիտ Մարկոսյանը, հարազատները, բարեկամներն ու համագյուղացիները։ Ջեմմա Հարությունյանը շնորհավորելով Մանուկյաններին նորածնի լույս աշխարհ գալու առիթով փոքրիկ Արմանին մաղթեց երջանիկ ու անհոգ մանկություն, իսկ ծնողներին առողջություն և երկարակեցություն։ Սամվել և Հրանուշ Մանուկյանների ընտանիքում 27 տարի անց կրկին հնչեց նորածնի ճիչ, նրանց թախծոտ աչքերում հայտնվեց արցունքների հետ միախառնված ժպիտ։
- «Պատերազմից հինգ տարի անց մեր ընտանիքում նոր լույս ու ապրելու իմաստ հայտնվեց, տան շեմին արցունքները խեղդելով ասաց հերոսացած ու նորածին Արմանների հայրը Սամվել Մանուկյանը։ Արման Մանուկյանը ընտանիքի միակ զավակն էր, զոհվել է 44֊օրյա պատերազմի ժամանակ, լինելով ընդամենը 22 տարեկան, հոկտեմբերի 19֊ին, Ջրականի և Իշխանաձորի մատույցներում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Նշենք, որ նորածին Արմանը ծնվել է 3 կգ 500 գրամ քաշով։ Նա մեծանալով կիմանա թե ինչպիսի հերոս եղբայր է ունեցել ու պատվով կկրի հերոս եղբոր անունը։
Iravunk. com -ը շնորհավորում է Մանուկյանների ընտանիքին, փոքրիկին մաղթում անհոգ մանկություն, խինդ ու ծիծաղ, բերկրանք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ



