Թող ամպագոռգոռ չհնչի, բայց սա ֆիլմ է բոլորի մասին. Արսեն Ներսեսյան
Մշակութային
Հայազգի անվանի ռեժիսոր Սարիկ Անդրեսյանը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին ընդառաջ նկարահանել է «Պատերազմ եւ երաժշտություն» («Война и музыка») վերնագրով ֆիլմը: Ֆիլմում նկարագրվում է երաժիշտ ընկերների ճակատագիրն ու երաժշտության կարեւոր գործոնը մարտի դաշտում: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է երաժիշտ ԱՐՍԵՆ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ, ում շնորհիվ ֆիլմում հնչել է հայկական դուդուկը:
— Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնեցիք աշխատել «Война и музыка» Ֆիլմում, եւ ո՞ւմից ստացաք առաջարկը:
— Հրավերը ստացել եմ ֆիլմի կոմպոզիտորներ Էդգար Հակոբյանից ու Մանուկ Ղազարյանից, որոնք նաեւ իմ ընկերներն են: Նրանք ինձ առաջարկեցին ֆիլմի համար դուդուկ նվագել: Առաջարկը շատ հետաքրքիր էր ինձ համար, եւ ես հանդիպեցի տղաների հետ, հասկանալու համար, թե ինչ է ինձանից պահանջվում: Ունեցանք քննարկումներ, ու համաձայնեցի աշխատել ֆիլմում եւ նվագել, ինչի առիթով շատ ուրախ եմ:
— Ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն ունի երաժշտությունը մարտի դաշտում՝ զինվորների վրա:
— Երաժշտությունը բարձրացնում է մարտական ոգին, ամրապնդում է հավատը հաղթանակի հանդեպ: Բոլոր ժամանակներում, բոլոր պատերազմների ընթացքում ծնունդ են առել զինվորներին ոգեշնչող, մարտական ոգին բարձրացնող բազմաթիվ հայրենասիրական երգեր, որոնք տարիների ընթացքում առհասարակ դարձել են ոչ միայն զինվորների, այլ` ժողովրդական սիրված երգեր: Երգեր են հյուսվել դեռ Վարդանանց պատերազմից սկսած՝ հասնելով մինչեւ մեր օրերը: Պատահական չէր, օրինակ, 44 -օրյա պատերազմի ժամանակ մեր սիրված ու տաղանդավոր երգիչների հայտնվելն առաջնագծում, որոնք մեր զինվորների կողքին էին` երաժշտության միջոցով հենց մարտական ոգին խրոխտ պահելու համար: Վերադառնալով ֆիլմին՝ ասեմ, որ ռեժիսորը ոգեշնչվել է Ռայխստագի պատերի տակ հայերի քոչարի պարելու պատմությունից եւ որոշել է ֆիլմ նկարահանել պատերազմ գնացող երեք հայ երաժիշտների մասին։
— Ինչպիսի ՞ն են եղել առաջին արձագանքները, կապված «Война и музыка» ֆիլմի հետ, որն արդեն ցուցադրվել է Մոսկվայում:
— Ֆիլմը երեք հայ տղաների մասին է, որոնք անցնում են պատերազմական դժոխքի միջով։ Առաջին արձագանքները շատ տպավորիչ են, քանի որ մարդիկ, միեւնույնն է, ամեն հերոսի մեջ գտնում են իրենց ծանոթին, բարեկամին, հարազատին, ընկերոջը: Հուզվում են, վերապրում իրենց հետ կատարված իրադարձությունները: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց սա ֆիլմ է բոլորի մասին, հետեւաբար չի կարող վատ ընդունվել: Ճիշտն ասած, բացասական արձագանքների դեռ չեմ հանդիպել, բայց եթե լինի էլ, դա բնական է, քանի որ քննադատությունն արվեստագետի առաջին «բարեկամն է»:
— Սա Ձեր առաջի՞ն ֆիլմն է, որտեղ հանդես եք եկել` որպես երաժիշտ:
— Այո, սա առաջին ֆիլմն է, որը շատ պարտավորեցնող է ինձ համար: Իսկ ինչու պարտավորեցնող, որովհետեւ նախ պատերազմի մասին է, հետո մարդկային ճակատագրերի: Առիթից օգտվելով` ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ ես մասնակցություն եմ ունեցել ֆիլմի ստեղծման հարցում:
— Հե՞շտ էր աշխատել Սարիկ Անդրեասյանի եւ ընդհանրապես՝ ֆիլմի ողջ ստեղծագործական կազմի հետ:
— Բոլոր պրոֆեսիոնալների հետ էլ չափազանց հեշտ է աշխատելը: Սարիկ Անդրեասյանը, ինքը լինելով պրոֆեսիոնալ, հավաքել է այլ պրոֆեսիոնալներից բաղկացած հրաշալի թիմ, որոնք փայլուն կատարել են իրենց աշխատանքը: Ոչ միայն հեշտ էր, նաեւ` չափազանց հաճելի:
— Մոտավոր երկու տարի են տեւել ֆիլմի նկարահանումները: Սցենարի մեջ՝ երաժշտական մասում շա՞տ են եղել փոփոխություններ:
— Այո, նկարահանումները տեւել են մոտ երկու տարի, որոշ հատվածներ էլ նկարահանվել են Հայաստանում։ Երաժշտական հատվածի փոփոխությունները շատ չեն եղել, ընտրվել են կոնկրետ ստեղծագործություններ, որոնք էլ նվագել եմ:
— Հայրենական մեծ պատերազմի հաղթանակից անցել է 80 տարի: Ձեր ընտանիքի անդամներից մասնակից եղե՞լ է Հայրենական պատերազմի մարտերին:
— Գրեթե մեր բոլոր հայրենակիցները ունեցել են Մեծ հայրենականում մասնակիցներ: Իմ երկու տատերի եղբայրները զոհվել են պատերազմի ժամանակ: Հորական տատիս եղբայրը` Հովհաննես Նիկողոսյանը, եւ մորական տատիս երկու եղբայրները` Վարազդատ եւ Արշալույս Ստեփանյանները, զոհվել են Հայրենական պատերազմի ժամանակ: Այդ է նաեւ պատճառը, որ ֆիլմին վերաբերվում եմ մեծ նվիրումով:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
