Ինչ են թաքցնում փորձագետները 15 զինվորը մահվան փաստով. Շոկային մանրամասներ է ներկայացնում Եղիշե Հակոբյանի փաստաբանը
ՏեսանյութերԻ վերջո, ինչո՞ւ Ազատի զինվորական կացարանի 15 ժամկետային զինծառայողները չկարողացան դուրս պրծնել այրվող մեկհարկանի շինությունից, ինչի՞ հետևանք էր հրդեհը, ինչպե՞ս է այն տարածվել ամբողջ կացարանով մեկ, ինչու տղաները չեն փորձել փրկվել այս եւ այլ հարցերի շուրջ երկու տարի անց մանրամասներ է ներկայացնում գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը, նախ նկատելով․
-Որքան էլ զարմանալի հնչի հրդեհի վերաբերյալ առաջին եւ վերջին անգամ ասել է միայն Եղիշե Հակոբյանը, այսինքն այլ ապացույց գործում չկա։ Եղիշեն է հայտնել, որ անզգուշությամբ հրդեհ է առաջացրել, թե չէ այլ ապացույց գործում հրդեհի մասով չկա։ Դատաքննության ընթացքում այս պահին հետազոտվում են ապացույցները, տուժողների հարցաքննությունը ավարտվել է, հիմա հարցաքննվում են վկանները։
-Հետեւելով դատաքննության ընցացքին, տուժողների եւ վկաների ցուցմունքներում ակնհայտ հակասություններ կան։
-Այո, ճիշտ եք նկատել, հակասություններ կամ ամբողջ քրեական գործում, ամենամեծ հակասությունը փորձագետների տրված եզրակացության մեջ է, իսկ նրանք մինչ այս պահը չեն հարցաքննվել, իսկ նրանց հարցաքննությունը խիստ կարեւոր է, հենց նրանց եզրակացության մեջ է թաքնված ողջ իրականությունը։ Քանի որ 15 զինծառայողի մահվան վերաբերյալ խիստ կասկածելի եզրակացություն են տվել, որովհետեւ վերջիններիս տրված եզրակացությունը բովանդակային առումով գործի փաստական տվյալների հետ, ըստ էության, չեն համընկնում։ Բացատրեմ ինչո՞ւ, երբ հրդեհը բռնկվել է 15 զինվորները դուրս չեն եկել, ավելին՝ անգամ փորձ չեն արել դուրս գալու համար։ Իսկ, թե ինչու դուրս չեն եկել, սա հարցերի հարցն է, որը ի սկզբանե եղել է, իսկ նախաքննական մարմինը այդ հարցի պատասխանը չի էլ տվել։ Եվ հենց սա է այս ողջ ողբերգության ամենակարեւոր հարցը, թե ինչու 15 զինվորները դուրս չեն եկել, ինչու չեն փորձել անգամ փրկվել։
-Իսկ ի՞նչ եզրակացություն են տվել փորձագետները։
-Ըստ փորձագետների 15 զինվորի մահն էլ վրա է հասել ե՛ւ շմոլ գազից, ե՛ւ այրվածքներից, բայց չի կարող մարդը եւ այրվածքներից մահանա եւ շմոլ գազից։ Չի կարող հրդեհի ծխի հոտից անգամ խորը քնի մեջ գտնվող մարդը չարթնանա, առավելեւս, որ ըստ եղած տվյալների, կացարանից դուրս եւ կացարանում եղած երկու զինվորները գոռոց-ճչոցով կարողացել են փրկվել։ Ո՞նց է ստացվել, որ 17 զինվորից երկուսը կարողացել են փրկվել, իսկ 15-ը անգամ փրկվելու շանսը չեն օգտագործել, սա հարց է, որի պատասխանը չի տվել քննությունը եւ գործը անպատասխան ուղարկել է դատարան։
-Իսկ ի՞նչով են բացատրում փրկված 2 զինվորները իրենց ծառայակիցների առեղծվածային մահը։
-Նրանք առհասարակ այդ հարցի վերաբերյալ խուսափում են որեւէ հոդաբաշխ բան չեն ասում, ասում են չենք կարողացել դռնից դուրս գալ, լուսամուտով են դուրս եկել։ Այ հենց իրենց ցուցմունքներում էլ կան էական հակասություններ, չէի՞ն կարող չէ մի կացարանից երկու զինվորը փրկվեին, դուրս գային, իսկ մյուսները սուս-փուս քնած մնացել։
-Չե՞ն փորձել արթնացնել ընկերներին։
-Հենց դա է հարցը, այդ հարցին այսպես են պատասխանում՝ ծուխ էր, մութ էր, չէինք կարողանում սթափ դատել, մենակ մեր փրկվելու մասին էինք մտածում։ Այդ կացարանը այնքան նեղ էր, որ հնարավոր չէր սուս-փուս տեղաշարժվել , ասում են լավ ծուխ էր, լավ բա այդ ծխի ընթացքում ո՞նց է ստացվել, որ 15 զինվոր մահանում է, բայց այն երկուսին հաջողվում է փրկել, կամ Եղիշեն չի մահանում։
-Լավ, իսկ ըստ Ձեզ գոնե դատավարության ավարտին հնարավոր կլինի՞ բացահայտել 15 զինվորի իրական մահվան պատճառը։
-Չեմ կարող ասել, շատ թերի նախաքննություն է կատարվել, պարզված չէ, թե 2021թվականի մայիսի 10-ից ինչու են զինվորները պահվել մի կացարանում, որտեղ լուսամուտները երկաթով ցանցապատած էին, ինչո՞ւ անվտանգության կանոնները չի պահվել, այս հարցերի պատասխանները չկան։