Թուրքիան չի կարող Ռուսասատանի հետ բացիեբաց թշնամանալ․ Էստուկյանը մանրամասներ է ներկայացնում Էրդողան-Զելենսկի հանդիպումից
Հանդիպում
Ռուս-թուրքական հարաբերությունները միշտ հավասարակշռության հաշվի վրա ընթացող հարաբերություններ են եղել մշտապես։ Վերջին տարիներին Թուրքիան ձգտում է տարածաշրջանում կարեւոր դերակատարում ստանձնել, բայց այդ ցանկությունը նրա մոտ չի հաջողում, ավելին՝ միջազգային բոլոր գործընթացներից, հատկապես վերջին շրջանում, Թուրքիան դուրս է մղվում,- անդրադառնալով ռուս-թուրքական ներկա հարաբերություններին եւ դրանց հնարավոր զարգացումներին, ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով․
-Եվ դա է պատճառը, որ Զելենսկին հասկանալով, որ Թուրքիան դուրս է մնում գլոբալ հանդիպումներից, որոշել է բռնել Թուրքիայի պոչը բռնել։ Դրա համար անգամ ժամանեց Անկարա՝ Թուրքիայից իր երկիրը պահելու համար երաշխիքներ պահանջելու, բայց Թուրքիան այդ երաշխիքները տալու ի վիճակի չէ, չի կարող Ռուսասատանի հետ բացիեբաց թշնամանալ։ Ոչ միայն Ուկրաինայի հարցով, այլ նաեւ Սիրիական խնդրի մեջ եւս այն իր հեղինակությունը կորցրած երկրի կարգավիճակում է։ Գերտերությունները օր-օրի առավել իշխող են դառնում, իսկ Թուրքիայի ձայնը գնալով խլանում է գլոբալ հարցերում։ Այսինքն Թուրքիան իր կամը այլեւս չի կարողանում թելադրել ոչ Ռուսաստանին, ոչ էլ մեկ այլ գերտերության։ Անգամ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան չի կարողանում իշխող դերակատարում ստանձնել, հետեւաբար Թուրքիան սահուն կերպով արտաքսվում է գլոբալ միջազգային դիվանագիտությունից։