Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը. Սպերցյան
Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին.
«Մարդիկ ասում են, թե Հայաստանի հավաքականն ընտրելը հեշտ ճանապարհ էր։ Հայաստանը ներկայացնում եմ 2021 թ. մարտից, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունենում։ Ընդհակառակը, այդ ժամանակ ամեն ինչ լրիվ այլ էր։
Երբեք չեմ խաղացել Ռուսաստանի որևէ հավաքականում, նույնիսկ, պատանեկան։ Հիշում եմ, երբ դեռ երկրորդ լիգայում էի խաղում ու Իվան Սերգեևի հետ լավագույն ռմբարկուներից մեկն էի, հավաքականը հանդիպումներ ուներ։ Ցանկանում էին բոլոր տղաներին հրավիրել` ուսումնասիրելու։ Ես այդ ցանկում չկայի, բայց հրավիրվել էին այնպիսի խաղացողների, որոնք, նույնիսկ, երկրորդ լիգայում փոխարինման դուրս չէին գալիս։ Ես նստել և մտածում էի. «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ինձ էլ հրավիրեն»։ Դա համբերության վերջին կաթիլն էր։
Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ Հայաստանի, ոչ թե Ռուսաստանի հավաքականը։ Այժմ նույնպես չեմ զղջում։
Հավաքականի ընտրության հարցը քննարկել եմ նաև Արսեն Զախարյանի հետ։ Յուրաքանչյուրս մեր ճանապարհն ունենք։ Ոչ ոք մեղադրելու իրավունք չունի, բայց սա իմ կյանքն է և այն ինձ դուր է գալիս, իսկ Արսենն իրեն լավ է զգում Ռուսաստանի հավաքականում»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։