ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա
Միջազգային
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հույսը դնում է պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների անլուրջության վրա և թույլ չի տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա, հայտարարել է շարժման խոսնակ Սամի Աբու Զուհրին թուրքական կառավարամետ Hürriyet թերթին տված հարցազրույցում։
«Հույս ունենք, որ այս խոսքերը լուրջ չեն։ Մենք երկար տարիներ պայքարում ենք իսրայելական օկուպացիայի դեմ և, բնականաբար, թույլ չենք տա նոր օկուպացիա։ Մենք Թրամփի հայտարարություններն անարդար ու վիրավորական ենք համարում մեր ժողովրդի համար և ոչ մի դեպքում թույլ չենք տա Թրամփի ուժերին մտնել Գազա»,- ասել է նա։
Աբու Զուհրիի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է դաշինք ստեղծել՝ «հակազդելու Թրամփի վարքագծին և թույլ չտալ նրան ինքնուրույն կառավարել և հարձակվել Գազայի վրա»։
«Այս դաշինքը պետք է Թրամփին փոխանցի այն ուղերձը, որ այս տարածաշրջանի ժողովուրդները սեփականություն չեն, և եթե նա ցանկանում է պաշտպանել ամերիկյան շահերը, պետք է հարգի նրանց ինքնիշխանությունն ու իրավունքները», - բացատրել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։
Այս շաբաթ Թրամփը ասաց, որ ԱՄՆ-ը «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանը վերականգնելու և այն աշխարհի համար «Մերձավոր Արևելյան Ռիվիերայի» վերածելու համար: Միաժամանակ նա Գազայի հատվածն անվանել է «քանդման վայր» և հայտարարել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ որպես իրենց բնակության վայրեր առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Նա նաև չբացառեց, որ ԱՄՆ-ը կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացավ, որ անձամբ կայցելի այդ հատվածը։