«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս2)
Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն
Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին
(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am)
Այնուամենայնիվ` ի՞նչ հրաշքով նոր-նոր դիվանագիտական դպրոցն ավարտած Վարդան Օսկանյանը 1992թ.-ին հայտնվեց Հայաստանի ԱԳ նախարարության վարչության պետի տեղակալի պաշտոնում եւ ընդամենը 6 տարում հասավ մինչեւ նախարարական աթոռ: Այս հարցը, անշուշտ, ունի շատ հետաքրքիր պատմություն, սակայն մինչ դրան հասնելը նախ նկատենք, որ նման «հրաշքներ» պարոն Օսկանյանի կյանքում մի տեսակ հաճախակի են պատահել:
ՕՍԿԱՆՅԱՆԸ ՍԻՐԻԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՑ Է՞Լ Է «ԹՌԵԼ»
Օրինակ մի՞թե հրաշքի պես մի բան չէ, որ սիրիահպատակ պարոն Օսկանյանը, այն էլ` Խորհրդային Միությունում` Խորհրդային Հայաստանում բուհական կրթություն ստանալով, այնուհետեւ առանց առանձնապես նեղվելու հասնում է ԱՄՆ, սովորում ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ, ի վերջո էլ, հաջողացնում դիվանագիտական ասպարեզ մտնել: Այն էլ, դեռ ԽՍՀՄ-ի գոյության օրոք: Մինչդեռ դժվար չէ կռահել, թե այն օրերին թեկուզեւ մի քանի օր ԽՍՀՄ-ում գտնված անձը ինչ մանրադիտակային զննության պետք է որ ենթարկվեր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից: Դե, կասեն ԱՄՆ-ը ազատ երկիր է, ինչ խորհրդային բուհ, ինչ բան: Լավ, գոնե «մինի հրաշք» համարենք, որ Օսկանյանին հաջողվեց «շրջանցել» ամերիկյան հատուկ ծառայություններին եւ իր սիրիական քաղաքացիությամբ հաջողվեց այդ երկրում այդքան հարմարավետ տեղավորվել: Ընդհուպ մինչեւ` հիմնադրել Armenian International Magazine հանդեսը: Եվ թող տարօրինակ չթվա, որ այդ գործում նրան օգնում էր Սալբի Ղազարյանը...
Տարիներ հետո միայն «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենի պաշտոնում պարոն Օսկանյանին փոխարինած տիկին Ղազարյանը պետք է զարմանար, թե չի հասկանում, թե ինչ է ակնարկում գլխավոր դատախազն իր անունը կապելով Օսկանյանի ընտանիքի հետ: Բայց նաեւ փաստել. «Ես պարոն Օսկանյանի հետ 20 տարի աշխատել եմ, շարունակում եմ աշխատել»: Իսկ դա նշանակում է, որ այն հեռավոր 1992թ.-ին պարոն Օսկանյանը ոչ թե միայնակ, այլ իր հավատարիմ ընկերուհու հետ միասին տեղավորվեց հայաստանյան արտաքին քաղաքական գերատեսչությունում: Ավելի ճիշտ` պաշտոնապես համարվում էր, որ տիկին Սալբին Ժիրայր Լիպարիտյանի մոտ էր, բայց հետո արդեն, հատկապես Օսկանյանի նախարար ժամանակներում իր խորհուրդներով նպաստում էր մեր երկրի արտաքին քաղաքականության «ճախրանքներին»:
Ի դեպ. մինչ Օսկանյանի ուսանողական տարիների «հրաշքներից» կանցնենք առաջ, հիշենք նաեւ «չար լեզուների» կողմից հրապարակային շրջանառության մեջ դրված այն «բամբասանքը», թե Վ. Օսկանյանն ամենեւին էլ պատահականորեն չէ, որ 1980-ականներին հայտնվեց հայաստանյան բուհ-ում: Պատճառը, ըստ այդ աղբյուրների, այն էր, որ իր հայրենի Սիրիայում երիտասարդ Վարդանը խուսափում էր զինվորական ծառայությունից եւ նույնիսկ այդ պատճառով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Այլ կերպ ասած` բանակից «թռել» էր եւ դրա համար էլ ստիպված էր իր տոհմական ոսկերչության փոխարեն դառնալ... ՀՀ ԱԳ նախարար: Հետո էլ զարմանում ենք, որ ներկայումս իրեն համարյա ազգային հերոս հռչակած սույն նախկին սիրիացին ու նախկին ամերիկացին ժամանակին մեկ ժամ անգամ Ղարաբաղյան պատերազմին չի մասնակցել...
«ԳՈԲԼԻ ՊԼԱՆ». ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԳԱԼԻՍ
Այսքանով, թերեւս, ժամանակավորապես դադար տանք մեր մտորումներին այն հարցի շուրջ, թե ով էր Օսկանյանը «հեղափոխությունից» առաջ եւ անցնենք այն ժամանակաշրջանին, երբ ղարաբաղյան բանակցությունները, ասենք ավելի ճիշտ` Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը գտնվում էր մեկ առանցքային կետում: Խոսքն, այսպես ասած, «Մեղրիի տարբերակի» կամ «Գոբլի պլանի» մասին: Այս ծրագիրը դեռ 1992թ.-ին առաջ էր քաշել ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության այն ժամանակվա ներկայացուցիչ Պոլ Գոբլը եւ դրանով, առաջին հայացքից, նախատեսում էր ղարաբաղյան հիմնախնդրի մեկ պարզ լուծում. Հայաստանի հարավային Մեղրիի շրջանը կամ Իրանի սահմանին զուգահեռ անցնող դրա մի հատվածը փոխանակել Լաչինի «միջանցքի» հետ եւ այդ կերպ վերջ տալ հակամարտությանը: Հետագայում առաջ քաշվեցին այդ նախագծի մի քանի տարբերակներ, սակայն դրանց էությունը գործնականում նույնն էր:
Սակայն այնքան էլ ճիշտ չէ այս գաղափարը վերագրել Գոբլին: Բանն այն է, որ մոտ 10 տարի առաջ 1990-ականների սկզբներին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի խորհրդականի պաշտոն զբաղեցրած Ջենգիզ Չանդարը մեկ հետաքրքիր փաստ էր ներկայացրել. «1991թ. Օզալն ինձ ուղարկեց Բաքու` առաջարկելով Այազ Մութալիբովին տարածքների փոխանակման տարբերակ: Ըստ այդ առաջարկության` Ադրբեջանը Հայաստանին զիջում է Լաչինը եւ Ղարաբաղի մի մասը, իսկ Ղարաբաղի մյուս մասը Շուշիով, ինչպես նաեւ Մեղրին տրվում է Ադրբեջանին»: Հասկանալի է` Մութալիբովը կտրուկ մերժել է այդ առաջարկը` համոզմունք հատնելով, որ մոտ ապագայում ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Զանգեզուրն էլ է գրավելու: Ինչքանով իրականացավ Մութալիբովի այդ երազանքը` դա հարցի այլ կողմն է: Սակայն փաստ է, որ տարածքների փոխանակման գաղափարը ծնունդ է առել Թուրքիայում: Ավելի ճիշտ` թուրքական քաղաքականության ամենախելամիտ գործիչներից մեկը համարում ունեցող եւ այդ դեպքերից հազիվ երկու տարի անց թունավորված Օզալը հազիվ թե հենց այնպես մտածած լիներ նման սխեմայի մասին: Իմաստն էլ կարելի է կռահել. խոշոր հաշվով թե ում ենթակայության տակ է Ղարաբաղը, Թուրքիայի համար հազիվ թե էական նշանակություն ունենա: Սակայն Ղարաբաղը Հայաստանին տալու դիմաց Թուրքիա-Նախիջեւան-Զանգեզուր-Ադրբեջան առանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելը գործնականում Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակությունը բարձրացնում էր մինչ այդ չտեսնված մակարդակի: Մի կողմից այդ առանցքը տարածաշրջանում Թուրքիայի թիվ մեկ հակառակորդ Իրանին կտրում էր կովկասյան տարածաշրջանում իր բոլոր հավակնություններից եւ դրանով վերջինիս դնում Թուրքիայի համեմատ բավականին երկրորդական դիրքերում: Երկրորդը. այդ առանցքի միջոցով Թուրքիան ցամաքային կապով կարողանում էր դուրս գալ դեպի կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներ, ապա` դրանից էլ այն կողմ` դեպի Կենտրոնական Ասիայի թուրքական ծագման երկրներ, ընդհուպ մինչեւ` Չինաստանի արեւելյան թուրքաբնակ տարածաշրջան: Իսկ դա արդեն պանթուրքիզմի գաղափարախոսության նոր թռիչքների հեռանկարներ էր բացում: Այս ամենի դիմաց ի՞նչ մեծ բան էր Ղարաբաղի եւ Լաչինի լեռնային տարածքները Հայաստանին զիջելը, առավել եւս, որ պանթուրքիզմի ծրագրերի հաջողության պայմաններում ապագայում միշտ էլ հնարավոր էր հավակնություններ ներկայացնել ոչ միայն այդ տարածքների, այլ նաեւ ողջ Զանգեզուրի նկատմամբ:
Նկատենք նաեւ, որ Օզալից մեկ տարի հետո Գոբլի կողմից առաջ քաշված մոտավորապես նույն սխեման կրկին հենց նման հեռանկարներ էր խոստանում: Այն տարբերությամբ, որ 1992թ.-ին կասպյան էներգակիրների նկատմամբ Արեւմուտքում սկսել էին լուրջ ախորժակներ գրգռվել, իսկ ղարաբաղյան հակամարտությունը գնալով վերածվում էր դեպի այդ նավթն ու գազը տանող ճանապարհի վրա դրված մի մեծ քարի:
Ինչեւէ. 1990-ականների սկզբներին նման սխեմաներ իրականացնելու համար ակնհայտորեն դեռ վաղ էր: Թեկուզեւ այն առումով, որ արեւմտյան բոլոր հիմնական կանխատեսումները ենթադրում էին նախ` Ռուսաստանի դուրս մղումը հարավկովկասյան տարածաշրջանից եւ, առհասարակ, այդ պետության միասնականության լինել-չլինելու հարցը: Երկրորդը, որ Ադրբեջանին կհաջողվի արագորեն լուծել Ղարաբաղի հարցը, որից հետո կկնքվի հաշտության հանաձայնագիր, իսկ դրանից հետո արդեն հարավկովկասյան տարածաշրջանի որ կետով էլ ցանկանան, կկառուցվեն դեպի արեւմուտք գնացող խողովակաշարեր:
Ընդհակառակը, այս պարագայում ԱՄՆ-ին, թերեւս, շատ ավելի ձեռնտու կլիներ այս հատվածում ունենալ հնարավորինս ուժեղ Հայաստան, հակառակ դեպքում Թուրքիայի ախորժակը զսպելն էր դառնալու մի իսկական գլխացավանք: Եվ նկատենք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի «արեւմտականացումը» բավականին սահուն ընթացքով էր առաջ գնում: Ամեն դեպքում, վերադառնալով Օսկանյանին, նկատենք, որ դեռ հազիվ անկախացած Հայաստանի արտաքին քաղաքական համակարգում արագորեն կենտրոնացվում էին հենց ամերիկյան կադրերը: Եվ ամենեւին էլ ոչ միայն այդ ժամանակներում այնպիսի մանր-մունր դեմքերով, ինչպիսիք էին Օսկանյանն ու նրա հավատարիմ ընկերուհին` տիկին Սալբին եւ այլն: Շատ ավելի «ծանրակշիռ» ֆիգուրաներ էլ կային, ասենք` առաջին արտգործնախարար ամերիկահպատակ Րաֆֆի Հովհաննիսյանը, տարիներ շարունակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական «ոգեշնչման գլխավոր աղբյուր», 1945թ.-ին Բեյրութում ծնված, որից հետք ԱՄՆ-ում կրթություն ստացած եւ մինչեւ պրոֆեսորի կոչման հասած Ժիրայր Լիպարիտյանը եւ այլն: Մեր հետաքննության մեջ այս բոլոր անձանց էլ անդրադառնալու առիթներ դեռ շատ կունենանք: Սակայն փաստենք, որ բոլորն էլ ՀՀ արտաքին քաղաքականությունում ունեցել են առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԱՄՆ քաղաքացիներ: Եվ, նկատենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր թեեւ մեր ամենավտանգավոր` թուրքական սահմանը պահպանում են ռուսական զինված ուժերը, բայց եղե՞լ է գոնե մեկ հայազգի ՌԴ քաղաքացի, որը մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ ունեցած կլիներ գոնե քիչ թե շատ նշանակալից դեր. համենայնդեպս մենք նման փաստ չգիտենք: Իսկ ամերիկյան քաղաքացիների այդքան վառ դերակատարությունը շատ բանի մասին է վկայում:
ՈՐՊԵՍ ՏԵՂԵԿԱՆՔ
Ժիրայր Լիպարիտյանը ծնվել է Բեյրութում` 1945թ.-ին: Ավարտել է Նշան Փալանճյան հայկական վարժարանը, 1969թ.-ին` Կալիֆոռնիայի համալսարանը: 1982-ին եղել է «Զորյան» հայագիտական ինստիտուտի (Քեմբրիջ) հիմնադիրներից եւ տնօրենը (մինչեւ 1990-ը), «Արմինյըն ռիվյու» պարբերականի խմբագիրը, տնօրինել Բոստոնի Հայ Հեղափոխական Դաշնակցության արխիվը, դասավանդել տարբեր համալսարաններում եւ աշխատակցել մամուլին: 1987 թվականին պատմության դոկտորի կոչում է ստացել Կալիֆոռնիայի համալսարանում: 1991-1997թթ. եղել է Հայաստանի առաջին նախագահի խորհրդականը եւ ավագ խորհրդականը, 1993-1994թթ.-ին` Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջին փոխնախարարը: 2001թ.-ից Միչիգանի համալսարանում զբաղեցնում է արդի հայոց պատմության Ալեք Մանուկյանի անվան ամբիոնը` դասավանդելով Հայաստանի եւ Կովկասի պատմության եւ քաղաքականության վերաբերյալ առարկաներ: 2007-ին նշանակվել է Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագրի ղեկավար:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
(Շարունակելի)